Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_1327
A A
Հասարակություն

Անվիճելի է փաստը, որ ծխախոտը հանգեցնում է թոքերի, կոկորդի քաղցկեղի․ փոխնախարար (տեսանյութ)

«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրինագծի հիմնական նպատակը հանրության առողջությունն է։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։

Ըստ փոխնախարարի՝ օրինագծի առանցքային կետերը վերաբերում են հանրային փակ վայրերում ծխելու արգելքին, որով փորձ է արվել լրացնել օրենքի բացերը։ Երկրորդը վերաբերում է ցուցադրության արգելքին։ 

«Հաշվի առնելով, որ ներկայումս, անցյալ տարիներին ծխախոտային արդյունաբերության կողմից շատ ագրեսիվ, ակտիվ մարքեթինգ էր իրականացվել։ Ծխախոտի տուփի դիզայնով, գովազդներով, որ տեղադրվում էին քաղցրավենիք, երեխաների համար նախատեսված ապրանքների վրա, խթանում է ծխախոտի օգտագործումը դեռահասների կողմից՝ ընդգրկելով նրանց ծխելու փուլի մեջ», - ընդգծեց Նանուշյանը։

Նա հավելեց, որ առաջին անգամ դրույթ է նախատեսված նրանց համար, ովքեր ցանկանում են թողնել ծխելը, և հնարավորություն կստանան խորհրդատվության համար դիմել։ 

«Անվիճելի է այն փաստը, որ ծխախոտը հանգեցնում է թոքերի, կոկորդի քաղցկեղի։ Մենք չենք փորձելու ապացույցներ բերել. դա վաղուց ապացուցված է», - շեշտեց նա։

Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը նշեց, որ օրինագիծը վերաբերում է նաև ծխախոտի փոխարինող էլեկտրոնային սիգարետներին։

Դրանք, ըստ նրա, նույնն են, ուղղակի նոր տեխնոլոգիաներով։ «Կիրառվում են մարքեթինգային նոր միջոցներ՝ տեսակներն առաջխաղացնելու համար։ Դրանք նոր սպառողների ներգրավելու համար են», - նշեց նա։

Ա․ Բազարչյանը ասաց, որ օրինագծի շուրջ աշխատել են Առողջապահության նախարարության, Ռուսաստանի Դաշնության, ուկրաինացի, Մոլդովայի գործընկերների, առողջապահական միջազգային գործընկերների հետ։ 

Ռուս փորձագետ Վիկտոր Զիկովն ասաց, որ Ռուսաստանում պետական մակարդակով է պայքար մղվել ծխելու դեմ և մատնանշեց վարչապետ Դմիտրի Մեդևեդևի ներդրումն այդ հարցում։

Ռուս փորձագետը համարում է՝ ծխախոտ արտադրող «Ֆիլիպ Մորիս» ընկերության կողմից ստեղծած «Աշխարհն առանց ծխախոտի» հիմնադրամը ոչ թե ծխելը կանխարգելելու համար է, այլ նոր արտադրանքներ տարածելու։ 

Օրինագծով նախատեսված է, որ հիմնական պատասխանատուն իրավաբանական անձն է և ոչ թե օգտագործողը, և եթե օրինակ՝ ռեստորաններում տնօրինությունը չի զգուշացնում, որ ծխելն արգելված է, ապա իր դեմ պետք է տուգանք սահմանվի, իսկ եթե զգուշացնեն, եւ հաճախորդը խախտում անի, ապա պատասխանատուն կլինի վերջինս։