Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հերթը հասավ Դավոր Շուքերին

Սպորտ

1998 թ աշխարհի առաջնության լավագույն ռմբարկում կասկածվում է տոտոմաֆիայի հետ կապ ունենալու մեջ:

Գերմանիայի ոստիկանությունն ու դատախազությունը ներկայումս քննում են 1998 թ աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու, խորվաթ հարձակվող Դավոր Շուքերի գործը, ըստ որի նա մեղադրվում է տոտոմաֆիայի` խաղադրույքներով խոշոր գումարներ վաստակող հանցավոր խմբավորումների հետ կապեր ունենալու մասին: Այդ մասին տեղեկացնում է գերմանական «Զյուդոյչե» օրաթերթը:

Գերմանիայի իրավապահների տրամադրության տակ գտնվում է տոտոմաֆիայի ղեկավարներից մեկի` ազգությամբ խորվաթ Անտե Սապինայի հեռախոսազրույցները, որոնց ժամանակ խոսք է գնում նաեւ Դավոր Շուքերի մասին:

Խորվաթիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն այս տարվա ամռանը անգլիական բուքմեյքերներին համոզել էր խաղադրույքներ վերցնել խորվաթական «Տրավնիկ» թիմի մասնակցությամբ ընկերական խաղերի համար: Ինչպես հետո պարզվել է, դրանք պայմանավորված բնույթ են կրել. բոլոր խաղերում էլ «Տրավնիկը» խոշոր հաշվով պարտություն է կրել: Ըստ իրավապահների, Անտե Սապինան կաշառել է ամբողջ թիմին` ֆուտբոլիստներին յուրաքանչյուր խաղի համար վճարելով 100-350 եվրո գլխավոր մարզչին` ավելի շատ գումար: Իսկ ահա նրա գործընկերն այդ խաղերի ժամանակ նստած է եղել թիմի պահեստայինների նստարանին եւ անմիջապես հետեւել խաղերի ընթացքին:

Բոխումի քաղաքային դատախազությունից հաստատել են, որ Դավոր Շուքերը նույնպես քննվում է այդ գործով, սակայն այլ տեղեկություններ չեն տրամադրել «Զյուդոյչեի» լրագրողին:

1954 թ աշխարհի չեմպիոն ԳՖՀ-ի հավաքականի գլխավոր մարզիչ Զեպ Հերբերգերը դեռեւս անցած դարի 50-60-ականներին ասել է, որ «Գնալով ֆուտբոլ են մտնում մարդիկ, որոնք ընդհանրապես գաղափար չունեն մարզաձեւի մասին»: Այսօր այդ փաստն այլեւս չի զարմացնում ոչ մեկին: