Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԿԲ ասուլիս
A A
Տնտեսություն

ՀՀ բանկային համակարգը բավական իրացվելի է․ Անդրանիկ Գրիգորյան (տեսանյութ)

Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարևորության զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանի պնդմամբ՝ ֆինանսական համակարգը Հայաստանում վերջին տասնամյակից արդեն ավելի է, ինչ շարունակում է մնալ բավականին ունակ դիմակայելու տարբեր տեսակի զարգացումների՝ թե՛ ներտնտեսական, թե՛ արտաքին աշխարհից բխող ռիսկերի առումով, և այդ դիմակայումը գնալով ավելի է զարգանում։

«Մենք տեսնում ենք վարկեր-ՀՆԱ (համախառն ներքին արդյունք – հեղ․) ցուցանիշի և տրամադրված վարկերի ծավալային աճը վերջին մի քանի տարիների ընթացքում, որ նման ծավալային աճ նկատվել է նաև 2019 թվականի առաջին կիսամյակում, շարունակվում է մինչև այժմ, մենք ունեցել ենք տրամադրված վարկերի  էական աճ ֆինանսական համակարգում»,- նշեց Գրիգորյանը Կենտրոնական բանկում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

Այդ ցուցանիշները, ըստ նրա, ցույց են տալիս, որ ՀՀ ֆինանսական կազմակերպություններն իրականացնում են իրենց առջև դրված հիմնական խնդիրները, բնակչության համար ֆինանսական հասանելիության գործիքները, տարբեր ֆինանսական արտադրանքները խորացնում են, իսկ ցանկացած բանկային համակարգի կայունությունը գնահատվում է իրացվելիության և կապիտալի համարժեքության նորմատիվներով։

«Մեզ մոտ դեռևս 90-ականներից գործում է կապիտալի իրացվելիության երկու նորմատիվ, որոնցից երկուսի մասով էլ մեր բանկային համակարգը գրեթե կրկնակի բարձր իրացվելիություն ունի։ Այսինքն՝ բանկային համակարգը բավական իրացվելի է, շարունակում է մնալ իրացվելի, ինչը խոսում է այն մասին, որ մեր բանկային համակարգը ցանկացած պահի ունակ է բավարարելու հաճախորդների գրեթե ցանկացած տեսակի պահանջ»,- շեշտեց նա։

Սա, ըստ Անդրանիկ Գրիգորյանի, խոսում է այն մասին, որ Հայաստանի բանկային համակարգերը, բանկերն անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրել տարբեր տեսակի ֆինանսական գործիքներ, կարող են տրամադրել տարբեր տեսակի վարկեր, ներգրավել ու հետ վերադարձնել ավանդներ։ 

Խոսելով կապիտալի համարժեքության ցուցանիշի մասին՝ ԿԲ ֆինանսական համակարգի կարևորության զարգացման վարչության պետը ընդգծեց, որ այն խոսում է ֆինանսական կազմակերպությունների, մասնավորապես բանկերի կայունության, դիմակայելու ունակության մասին տաբերի տեսակի անկանխատեսելի չսպասված զարգացումների դեպքում։

«Մեզ մոտ նվազագույն ցուցանիշը 12 տոկոս է սահմանված։ Մինչդեռ, Բազելյան սկզբունքով (մենք բավարարում ենք Բազելյան սկզբունքի ստանդարտները) սահմանված նվազագույն  ցուցանիշը 8 տոկոս է, սակայն մեր բանկային համակարգի միջին կշռված ցուցանիշն այս պահին կազմում է 17,4 տոկոս, ինչը, ըստ էության, կրկին անգամ խոսում է բանկային համակարգի կայունության և տարբեր տեսակի շոկերի դիմագրավելու ունակության մասին»,- եզրափակեց նա։