Ո՞վ է «ամենադանդաղը»
Աջակցիր «Ա1+»-ինԿան արդյոք մրցումներ, որի ժամանակ հաղթում են ոչ թե ամենաարագները, այլ, հակառակը, ամենադանդաղկոտները: Պարզվում է, այդպիսի մրցումներ նույնպես կան:
Երեկ Երեւանի «Սմոքինգ» մասնագիտական խանութ-բարում անցկացվեց բավական ինքնատիպ մրցաշար` 2009 թ ծխամորճի դանդաղ ծխելու առաջնությունը:
Ինչպես «Ա1+»-ի թղթակցին հաղորդեց ծխամորճի սիրահարների ակումբի նախագահ Վյաչեսլավ Եղյանը, սույն առաջնությունն անցկացվեց 3-րդ անգամ: «Մասնակիցներին տրվում են միանման ծխամորճներ, 3 գրամ թութուն եւ 2 հատիկ լուցկի: Նախապատրաստվելու համար նրանց տրվում է 5 րոպե: Մասնակիցների գլխավոր խնդիրն է հնարավորին շատ երկար օգտագործել ծխամորճը: Նրանց գործողություններին հետեւում է հատուկ ժյուրին»,-ասաց նա:
Այս տարվա առաջնությանը մասնակցեցին ծխամորճի 13 սիրահարներ: Երկրորդ տարին անընդմեջ հաղթող ճանաչվեց Գագիկ Վարդանյանը, ով իր ծխամորճն ակտիվ պահեց 1 ժամ 3 րոպե ժամանակում (անցած տարի` 1 ժամ 9 րոպե): Ի դեպ, ինչպես տեղեկացրեց Վյաչեսլավ Եղյանը, աշխարհի առաջնությունում ցույց են տվել նույնիսկ 3 ժամ 18 րոպե արդյունք: