Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 4-ը նոյեմբերի. Մերոնք հույս ունեին, որ կենդանի ռազմագերի էլ կվերադարձվի (տեսանյութ)

1997-ի նոյեմբերի 4-ին պատգամավոր Ջեմմա Անանյանը խորհրդարանում տագնապ է բարձրացնում՝ բժիշկները մնացել են առանց հիվանդների: Առողջապահության նախարարն արձագանքում է՝ ապրելու իրավունքը բարեփոխումներինն է:

Նույն օրը խորհրդարանում պատգամավորների եւ կառավարության հարցուպատասխանի թեման Լեռնային Ղարաբաղն է: Դա հատկապես հետաքրքրում է Վիկտոր Դալլաքյանին: Վարչապետ Քոչարյանն ասում է, որ կառավարությունում Ղարաբաղի հակամարտության մասին հատուկ քննարկումներ չեն եղել։

«Արմենիա» հյուրանոցի նոր տերերն աշխատակիցներին արգելում են ծխել «Մարիոտի» ներսում: 1998-ի նոյեմբերի 4-ին «Արմենիայի» կոլեկտիվը բողոքում է այդ որոշման դեմ, ըստ որի երկու զգուշացումից հետո իրենք կազատվեն աշխատանքից: Բայց կոլեկտիվը 90 տոկոսը ծխում է եւ, ըստ նրանց, դա իրենցից ազատվելու ձեւ է: Նոր տերերն ասում են՝ մենք ձեզ չենք կրճատի, դուք ինքներդ ձեզ կկրճատեք:

Վանո Սիրադեղյանը 1998-ի նոյեմբերի 3-ին «Երկրապահ» պատգամավորական խմբին խորհուրդ է տալիս քվեարկել Ընտրական օրենսգրքի այն նախագծի օգտին, որտեղ մեծամասնական ընտրակարգը կրճատվում է, քանի որ հակառակ դեպքում երկրապահները պատգամավոր չեն դառնա, վերջին երեք ընտրություններում բանակը քվեարկել է ընդդիմության օգտին: Շրջանառության մեջ է օրենսգրքի երկու տարբերակ, երկուսի մասին էլ պատգամավորների մեծ մասը համոզված է, որ չեն ապահովի ազատ եւ արդար ընտրություններ, ընդդիմությունը Վանո Սիրադեղյանի նշած տարբերակի կողմն է։

1999-ի նոյեմբերի 4-ին Ռոբերտ Քոչարյանը կառավարության անդամներին է ներկայացնում նոր վարչապետ Արամ Սարգսյանին: Վարչապետն աշխատելու է եղբոր՝ Վազգեն Սարգսյանի ձեւավորած թիմի հետ:

Նույն օրը Մայր Աթոռում Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը օծումով դարձավ պատվական Հայրապետ Ամենայն Հայոց Տեր Տեր Գարեգին Երկրորդ սրբազնագույն կաթողիկոս: Կիլիկիո կաթողիկոսի, բոլոր պատրիարքությունների եւ թեմերի ղեկավարների ձեռնադրմամբ Գարեգին Երկրորդը ստանձնում է հայրապետական բարձրագույն իշխանությունը:

2000-ի այս օրերին Հայաստանում է Ռուսաստանից ժամանած մոտ 200 հոգանոց պատվիրակություն: Հայտնի է, որ Հայաստանը Ռուսաստանի ամենատարածաշրջանային գործընկերն է, այնտեղ մոտավոր հաշվարկներով 2,5 միլիոն հայ է ապրում։ Նոյեմբերի 4-ին Վայոց ձորի Մալիշկա գյուղում օծվում է Սուրբ Աննայի եկեղեցին, որի կառուցմանը նպաստել են ռուսաստանաբնակ միլիոնատեր Արա Աբրահամյանը եւ նրա եղբայրները: Օծողը եւ մատուցվող մատաղն օրհնողը կաթողիկոս Գարեգին Երկրորդն է, օծմանը Արա Աբրահամյանը հրավիրել է նաեւ ռուս աստղերի։

2000 թվականի նոյեմբերի 4-ին հանրահավաքային ամբիոնի մոտ է Ազգայնական ակումբի նախագահ Մուշեղ Լալայանը: Հանրահավաքի թեման Ռոբերտ Քոչարյանն է, թեպետ Լալայանի թիրախը դրսում է։

2008-ի նոյեմբերի 4-ին Հայաստանի զինված ուժերին պատկանող ՄԻ-24 ռազմական ուղղաթիռը Երեւանի Էրեբունի օդանավակայանում ուսումնամարզական պլանային հերթական թռիչքի պատրաստվելիս շրջվում է եւ վթարի ենթարկվում: Արդյունքում զոհվում է այդ պահին թռիչքուղու վրա գտնվող օդաչու, կապիտան Արշակ Գագիկի Ներսիսյանը:

2010-ի նոյեմբերի 4-ին հայկական կողմը Ադրբեջանին է հանձնում պատահաբար մեր սահմանը հատած մի ռազմագերու:

Դրա դիմաց ադրբեջանցիները Հայաստանին են հանձնում այնտեղ գերի ընկած Հայաստանի քաղաքացի Մանվել Սարիբեկյանի դին, որն ըստ պաշտոնական Ադրբեջանի, ինքնասպան է եղել այս տարվա հոկտեմբերի 5-ին, մերոնք հույս ունեն, որ կենդանի ռազմագերի էլ կվերադարձվի, այնտեղ ապրող 6 հոգի դեռ կա: