Շախմատի պատանեկան օլիմպիադա. Հայաստանի հավաքականը այսօր 2 հաղթանակ տարավ
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայի Չորում քաղաքում ընթացող շախմատի պատանեկան (մինչև 16 տարեկաններ) օլիմպիադայում այսօր կայացան 6-րդ և 7-րդ տուրի հանդիպումները:
Հայաստանի պատանիների հավաքականը նախ մրցեց Թուրքիայի թիմերից մեկի հետ և հաղթեց 3:1 հաշով: Հաջորդ մրցակիցը Բուլղարիայի ընտրանին էր, որը ոչ-ոքի էր խաղացել Չինաստանի հետ և մեկ միավոր շատ ուներ:
Մեր հավաքականի առաջին համար Մամիկոն Ղարիբյանը չնայած պարտություն կրեց, սակայն 2-րդ և 4-րդ խաղատախտաների վրա հանդես եկող Արմեն Բարսեղյանն ու Ալբերտ Գևորգյանը հաղթանակ տարան և ապահովեցին վերջնական հաջողությունը՝ 2,5:1,5 (երրորդ համար Տիգրան Սարգսյանը ոչ-ոքի էր խաղացել):
Հայաստանի հավաքականը տանելով երկու անընդմեջ հաղթանակ, վաստակեց 10 միավոր և 12-րդ տեղից բարձրացավ 6-րդ հորիզոնական: Այժմ մեր թիմը միայն մեկ միավորով է ետ մնում 2-4-րդ տեղերը բաժանող Ղազախստանից, Ուկրաինայից և Ուզբեկստանից: Աղյուսակը 13 միավորով գլխավորում է Ադրբեջանի թիմը:
Վաղը տեղի կունենան նախավերջին՝ 8-րդ տուրի հանդիպումները, որից հետո վերջնականապես պարզ կդառնա, թե որ թիմերը կշարունակեն պայքարը մրցանակային տեղերի համար: