Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջնության լավագույն ֆուտբոլիստ

Սպորտ

Աշխարհի չեմպիոն Դանիել Պասարելան հայազգի հարձակվող Խոակին Բոգոսյանին հրավիրում է «Ռիվեր Փլեյտ»:

Արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզ» թիմի ուրուգվահայ հարձակվող Խոակին Բոգոսյանը «Գրան DT XI» կազմակերպության հաշվարկով ճանաչվեց երկրի 2009 թ բացման առաջնության լավագույն ֆուտբոլիստը: Նա վաստակեց 147 միավոր` առաջ անցնելով «Ուրականի» հարձակվող Գաբրիել Աուչեից (144 միավոր) եւ առաջնության լավագույն ռմբարկու Սանտիագո Սիլվայից («Բանֆիլդ», 141):

Խոակին Բոգոսյանը նաեւ ընդգրկվել է առաջնության խորհրդանշական հավաքականում: Ահա թե ինչպես են բնութագրել հայազգի հարձակվողին մասնագետները: «Մրցաշրջանը սկսեց պահեստայինների նստարանից, սակայն շատ արագ դարձավ հիմնական կազմի խաղացող եւ մեծ անուն հանեց: Երկրորդ հարկում նա պաշտպանների սարսափն է, սակայն «Կոլոնի» հետ խաղում ապացուցեց, որ լավ է խաղում նաեւ ներքեւով: Նրա ազդեցությունն իր թիմի խաղի վրա այնքան մեծ էր, որ առաջնության վերջում «Նյուելսի» երկրպագուները միայն նրա հետ էին հույս տածում` չեմպիոնի կոչումը նվաճելու հարցում: Նա միանշանակ համարվում է անցած առաջնության գլխավոր հայտնությունը»:

Այժմ Խոակին Բոգոսյանով հետաքրքրվում է Արգենտինայի հզոր ակումբներից մեկը` «Ռիվեր Փլեյտը», որի նորանշանակ նախագահ, նախկինում հայտնի ֆուտբոլիստ Դանիել Պասարելան հայտարարել է, որ իրենք առաջին հերթին ցանկանում են ձեռք բերել հենց ուրուգվահայ հարձակվողին: