Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀովսԽուրշ
A A
Քաղաքականություն

Դեռ պետք է հաշվել․ ավելի շատ իրե՞նց է պետք, թե՞ մեզ․ Խուրշուդյանը՝ ՀՀ-ում ռուսական զորքերի ներկայության մասին (տեսանյութ)

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանն այսօր մասնակցում էր «Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում և դրա ազդեցությունը մարդու իրավունքների վիճակի վրա» թեմայով քննարկմանը։

Քննարկումից հետո Խուրշուդյանը հարցազրույց տվեց «Ա1+»-ին։

Ըստ Խուրշուդյանի Հայաստանում թե՛ ռուսական ռազմաբազայի, թե՛ ռուսական սահմանապահ զորքերի դեպքում անհրաժեշտ են իրավական կարգավորումներ և պետք է վերանայվեն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև պայմնագրի այն դրույթները, որոնք ռիսկեր են պարունակում Հայաստանի ինքնիշխանության համար։

«Դա վերաբերում է թե՛ անձնական տվյալներին, թե՛ ռուսական ռազմաբազայի կարգավիճակին և այնտեղի զորքերի գործողություններին թե՛ տարածքում, թե՛ տարածքից դուրս»,- նշեց քաղաքական գործիչը։

Խուրշուդյանը հիշեցրեց 2018 թվականի հուլիսի 17-ի դեպքը, երբ  ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողները զորավարժություն էին անցկացրել Շիրակի մարզի Փանիկգյուղի վարչական տարածքում և նշեց, որ եթե դա խախտում էր, այդպես պարզ չդարձավ, թե ինչ հետևանքներ ունեցավ ռազմաբազայի և նրա հրամանատարության համար։ Քաղաքական գործիչն ընդգծեց, որ մենք ունենք նաև անվտանգության խնդիր, քանի որ չգիտենք, թե ինչ ծավալներով են ապահովում ռուսական սահմանապահ զորքերը հայ-թուրքական սահմանների անվտանգությունը։

«Դեպքեր են լինում, երբ անասնագողություն է տեղի ունենում հայկական տարածքից։ Այսօր խոսվեց այդ 45 խոշոր եղջերավոր անասունների անցման, ըստ էության՝ գողության մասին, դեպի Թուրքիա։ Պարբերաբար մեղադրանքներ են հնչում Թուրքիայի կողմից, որ իբր քուրդ զինյալներ են վերապատրաստվում Հայաստանում։ Պատասխանատվությունն այդ ամեն ինչի համար փաստացի կրում է ՀՀ-ն, բայց իրականում սահմանը վերահսկելու որևէ լծակ ինքնուրույն չունի, որովհետև դա ամբողջությամբ հանձնված է Ռուսաստանին»,- շեշտեց նա։

Պետք է հասկանալ, ըստ գործչի, որ ցանկացած պայմանագիր փոխշահավետ է լինում՝ որքան մեզ է պետք, այդքան էլ՝ Ռուսաստանին։ «Դեռ պետք է հաշվել․ ավելի շատ իրե՞նց է պետք, թե՞ մեզ»,- նկատեց Հովսեփ Խուրշուդյանը։

Նշենք, որ Փանիկում տեղի ունեցածից մեկ օր անց Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում  գրել էր, որ հանդիպել է 102-րդ ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչը, որը ներողություն է խնդրել միջադեպի համար։

Իսկ հուլիսի 18-ին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է  ՀՀ-ում ՌԴ ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Իվանովին, ՀՀ-ում ՌԴ ռազմական և ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևին և ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովին:

Ըստ ՊՆ մամուլի՝ միջադեպի կապակցությամբ ռուսաստանյան կողմը պաշտոնապես ներողություն է խնդրել և հավաստիացրել է, որ հետայսու առավել հետևողական կլինի ՌԴ ռազմակայանի տարածքից դուրս իրականացվող միջոցառումների պլանավորման և իրազեկման հարցերում: Իսկ Տոնոյանն իր հերթին հորդորել է նմանատիպ հարցերում առավել սերտ և մանրակրկիտ աշխատանք իրականացնել թե՛ Պաշտպանության նախարարության, թե՛ տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ առավել ուշադրություն դարձնելով քաղաքացիական բնակչության հետ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը։

Մանրամասները՝ տեսանյութում