Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Աշխատանքային օրենսգրքի փոփոխման աշխատանքներ են տարվում․ Զարուհի Բաթոյան (տեսանյութ)

Աշխատանքային օրենսգիրքը վերանայելու կարիք կա, նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը այսօր ընթացող Սոցիալական գործընկերության 10-րդ Ազգային կոնֆերանսի ժամանակ։ Օրենսգրքի փոփոխության ուղղությամբ նախարարությունն արդեն քայլեր է ձեռնարկել։ Այս պահին աշխատում են ԱԺ պատգամավորների, արհմիությունների և գործատուների հետ։

«Արդեն հանրային քննարկումներ են տեղի ունեցել, և այս քննարկումները շարունակվելու են, որովհետև ստեղծվել է նաև աշխատանքային խումբ, որի միջոցով մենք պիտի վերանայենք ամբողջ օրենսգիրքը։ Մենք ունենք նաև փորձագետներ Աշխատանքի միջազգային կազմակերպությունից»,- նշեց նախարարը։

Նախարարի խոսքով` օրենսգրքի առանցքային խնդիրները հիմնականում կապված են իրավունքների իրացման հետ, խնդիր են տեսնում նաև տեսչական մարմնի գործառույթների մասով։ Այս համատեքստում քննարկում են նաև տեսչական մարմինների մասին օրենքի փոփոխության հնարավորությունները։

«Սա համագործակցային գործընթաց է, որը պիտի իրականացնենք և՛ Կառավարության տեսչական մարմինների, և՛ Ազգային ժողովի պատգամավորների, և՛ քաղաքացիական հասարակության»,-ասաց Զարուհի Բաթոյանը։

Նախարարը խոսեց նաև «Երեխաների քաղաք» նախագծի մասին։ Նրա խոսքով` ներկայացված ծրագրի հետ նախարարությունն ու անձամբ ինքը՝ նախարարը անհամաձայնություն ունեն։

«Ծրագիրն ամբողջությամբ պետք է փոխվի, և չի կարող ուղղակի լինել քաղաք որևէ խմբի համար, կապ չունի, թե ինչպիսի խումբ է։ Չի կարող մեկ խմբի համար լինել, հիմնականում մենք այդտեղ ենք տեսնում խնդիրը։  Հիմա իրենք այլ ծրագիր են ներկայացրել»,-ասաց Զարուհի Բաթոյանը։

Նրա խոսքով՝ ներկայացված նոր ծրագիրը այս պահին տեղադրված է e-draft.am կայքում։

Անդրադառնալով այս պահին ընթացող այլ աշխատանքներին՝ Զարուհի Բաթոյանն ասաց՝ նախարարությունն ընդլայնում է գյուղատնտեսական աշխատանքների, սեզոնային զբաղվածության հետ կապված ծրագրերը։ Նախարարի խոսքով՝ այս ծրագրերը հիմնականում բավական բարդ են, իսկ մարդիկ բավականաչափ տեղեկացված չեն դրանց մասին։

«Մենք վերանայում ենք ընթացակարգերը, և արդեն նաև այդ արդյունքների վրա հիմնված առաջիկայում կլինեն ծրագրեր, որոնք ուղղված կլինեն դրանց։ Որոնք ավելի մեծ պահանջարկ ունեն, դրանք ավելի մեծ քանակությամբ կանցկացնենք։ Օրինակ՝ անասնապահական ծրագրերը, որոնք բավականին փոքր թվով ունեինք, այս տարի փորձում ենք ավելի մեծ թվով անցկացնել»,- ասաց նա։

Երևանում ընթացող Սոցիալական գործունեության 10-րդ ազգային կոնֆերանսը նվիրված է Հայաստանում սոցիալական երկխոսությանը։ Կոնֆերանսի թեման է՝ «Աշխատանքի ապագան Հայաստանում»։ Այն ընթանում է աշխատանքի միջազգային կազմակերպության 100-ամյակի տոնակատարության ընդհանուր գործողությունների շրջանակում։

Կոնֆերանսը նպատակ ունի շեշտադրել աշխատանքի ապագայի հեռանկարները  ՀՀ-ում, մասնավորապես՝ պայմանավորված երիտասարդների կարիերայի պլանավորման և զբաղվածության խթանման հարցերով, ՀՀ-ում արդյունաբերական զարգացման հեռանկարով և երիտասարդների շրջանում  ինժեներական կրթության խթանմամբ։