«Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված․ ահազանգ․ փոփոխված (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 29-ին, ժամը 11:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Այդ մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:
Իրականացվել է մարդկանց տարհանում: Ժամը 12:21-ի դրությամբ կինոլոգիական խումբը և ոստիկաններն իրականացնում են տարածքի հետախուզում:
Երևան քաղաքի փրկարար ծառայության վարչության պետ, գնդապետ Առնո Հարությունյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ զննություն է կատարվում, և՛ արտակարգ իրավիճակների, և՛ ոստիկանության կինոլոգիական ծառայությունները ներսում աշխատում են։
«Դեռևս ոչինչ չգիտենք, հենց լինի լրացուցիչ ձեզ կհայտնենք», - նշեց Հարությունյանը։
Նշենք, որ տարածքի հետախուզական աշխատանքներն ավարտվեցին։ Պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։ Հյուրերը վերադառնում են հյուրանոց։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արձագանքման խմբի ղեկավար, փոխգնդապետ Տիգրան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ահազանգն իրենց մոտ ստացել 11։39-ին։
«Իրականացվել է տարածքի հետախուզում, շենքն էվակուացվել է փրկարարների և ոստիկանության ջանքերով։ Բոլորը տարհանվել են են․ մոտ 70 հոգի և 24 աշխատակից։ Տարածքը հետազոտվել է շների, կինոլոգների (շնաբաններ), սակրավորների կողմից․ ոչ մի բան չի հայտնաբերվել, կեղծ ահազանգ է եղել»,- ընդգծեց նա։
Հարցին, թե հյուրանոցի աշխատակիցների կողմի՞ց է եղել ահազանգը, Կոստանյանը պատասխանեց, որ ճգնաժամային կառավարումը տեղում է գործողություններն իրականացրել, և խորհուրդ տվեց Արտակարգ իրավիճակների նախարարությունից ճշտել։ Նա հավելեց, որ հյուրանոցի 7 հարկերը տանիքի հետ միասին ստուգվել են։