Սկանդալ ֆրանսիական ֆուտբոլում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ապուլա Էդիմա Բետե Էդելը նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի 1-ին լիգայի ՊՍԺ - «Օսեր» խաղում իր անդրանիկ հանդիպումն անցկացրեց փարիզյան ակումբի կազմում: Սակայն երեք շաբաթ անց իսկական սկանդալ բորբոքվեց կամերունցի դարպասապահի շուրջը:
Ըստ 1-ին լիգայի կանոնակարգի, թիմերը եթե ցանկանում են մեկնարկային կազմում ընդգրկել փոխարինող կազմի խաղացողի, իսկ Բետեն առայժմ այդպիսի կարգավիճակում է գտնվում, ապա դրանք պարտավոր են այդ մասին տեղեկացնել լիգայի համապատասխան բաժնին` խաղից 48 ժամ առաջ: Ինչպես տեղեկացնում է «Լե Մոնդ» թերթը, ՊՍԺ-ն խախտել է այդ կանոնը «Սենտ-Էտիենի» հետ խաղից առաջ:
Իսկ երեկ, ՊՍԺ - «Լանս» խաղից առաջ ոմն Նիկոլյա Ֆիլիբերը մեղադրանքներ է ներկայացրել Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահին: Ներկայանալով որպես կամերունցու առաջին մարզիչ, վերջինս հայտարարել է, որ Ապուլա Էդիմա Բետե Էդելի իսկական ազգանունը Ամբրոյս Բեյամենա է, եւ որ նրա տարիքը փոքրացված է (ըստ Ֆիլիբերի` 4 տարով): Մանկապատանեկան մարզիչը միաժամանակ Միշել Իդալգոյի (Ֆրանսիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ) միջոցով կամերունցուց պահանջել է վճարել 30 հազար եվրո` նախկինում համագործակցելու համար:
Հիշեցնենք, որ Ապուլա Բետեն 2002-2005 թթ հանդես է եկել «Փյունիկում», ապա գաղտնագողի տեղափոխվել Բուխարեստի «Ռապիդ», որտեղ այդ ժամանակ հանդես էին գալիս Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստներ` Արտավազդ եւ Արման Քարամյանները: 2007 թվականին կամերունցի դարպասապահը տեղափոխվեց ՊՍԺ` ընդգրկվելով 2-րդ թիմի կազմում: Եվ ահա, միայն իր երրորդ մրցաշրջանում նա հնարավորություն ստացավ պաշտպանելու ՊՍԺ-ի դարպասը, սակայն ... անմիջապես հայտնվեց թերթերի սկանդալային էջերում: