Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

«Երկու ժողովուրդները ճակատագրի բարեկամներ են»․ Զոհրաբ Մնացականյանի և Եկատերինա Զախարիևայի համատեղ ասուլիսը (տեսանյութ)

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Բուլղարիայի ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևայի հետ հանդիպման ժամանակ, ողջունելով վերջինիս, ընդգծեց, որ հայ-բուլղարական շփումները հիմնված են պատմական և մշակութային հարաբերությունների վրա, ինչը հիմք է ստեղծում այսօրվա միջպետական հարաբերությունների զարգացման համար։

«Ցեղասպանությունից հետո բուլղար ժողովուրդը հյուրընկալեց տասնյակ հազարավոր հայերի, երկու ժողովուրդները ճակատագրի բարեկամներ են։ Հայ- բուլղարական միջպետական  հարաբերությունները բազմաշերտ են և հագեցած շփումներով, հայ-բուլղարական հարաբերությունները զարգանում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ու ակտիվ մասն են կազմում Հայաստան-Եվրամիության երկխոսության կոնտեքստում։ Բուլղարիան այն 16 պետություններից է, որ վավերացրել է  Հայաստան-Եվրոպական միություն համապարփակ և ընդլայնված համագործակցությոան համաձայնագիրը»,- ասաց նա։

Կարևորելով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որի 8-րդ նիստը տեղի ունեցավ այս տարվա մարտին՝ Երևանում, Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ բիզնես-ֆորումը կարևոր իրադարձություն էր երկկողմ գործարար կապերը ընդլայնելու համար։

ԱԳ նախարարը նաև նշեց, այս տարի նախատեսվում է նաև Հայաստան - Բուլղարիա պատգամավորական բարեկամական խմբի այցը Հայաստան։

Եկատերինա Զախարիևան նշեց, որ սա իր առաջին այցն է Հայաստան։ Նրա խոսքով՝ Բուլղարիայի համալսարանում կարելի է սովորել հայերեն, և  երկրում կա 8 դպրոց, որտեղ դասավանդում են հայերեն։

«Այս այցը շատ կարևոր, է մենք այսօր երկու փաստաթուղթ ենք ստորագրել, առաջինն արձանագրություն է, որ Հայաստանը ընդունում է ԵՄ պայմանագիրը, որը վերաբերում է մարդկանց, որոնք ապրում են առանց թույլտվության, առանց քաղաքացիական կարգավիճակի։ Նաեւ տրանսպորտի համագործակցության կետերի բարելավման հետ կապված որոշ կետեր քննարկեցինք։ Մենք ունենք չարտերային թռիչքներ Բուրգաս և Վառնա, սակայն մինչև հիմա չունենք ուղիղ թռիչք Երևանի և Սոֆիայի միջև։ Դժվար է պատկերացնել բիզնեսմեն, ով 10 ժամ կճամփորդի, որ հանդիպի իր գործընկերոջ հետ։ Մենք քննարկեցինք նաև, թե ինչ կարող ենք անել, որ բարելավենք մեր առևտրային  հարաբերությունները»,- ասաց նա։