Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հատիսը» մտավ հաջորդ փուլ

Սպորտ

Երեւանի «Հատիս» բասկետբոլային կանանց թիմը, անկախ այսօր կայանալիք «Հատիս» - «Բեշիկթաշ» հանդիպման, նախապես նվաճեց Եվրոպայի գավաթի խաղարկության հաջորդ փուլի ուղեգիր: Բանն այն է, որ այս խմբում ընդգրկված մյուս երկու թիմերի` «Վոլոգդա-Չեւակատայի» եւ «Աթինաիկոսի» երեկ կայացած հանդիպումն ավարտվեց հույն բասկետբոլիստուհիների հաղթանակով` 80:79: Դա նշանակում է, որ ռուսական թիմը վերջնականապես հանգրվանեց վերջին` 4-րդ հորիզոնականում, եւ դուրս մնաց հետագա պայքարից:

Եթե մեր թիմը հաղթի, ապա իր խմբում կզբաղեցնի 2-րդ տեղը, իսկ դա որոշակի արտոնություն կտա 1/16 եզրափակիչում, քանի որ այս փուլում մրցակիցներն որոշվելու են ըստ իրենց ցույց տված արդյունքների. ընդհանուր հաշվարկով 1-ին տեղը գրաված թիմը կհանդիպի 32-րդ թիմի հետ, 2-րդը` 31-րդի հետ, եւ այդպես շարունակ: 1/16 եզրափակիչի հանդիպումները տեղի կունենան գալիք տարվա հունվարի 7-ին եւ 14-ին:

Հիշեցնենք, որ «Հատիս» - «Բեշիկթաշ» հանդիպումը կկայանա այսօր, Երեւանի «Միկա» մարզադահլիճում, ժամը 19:00-ին: Մինչ այդ, ժամը 18:30-ին տեղի կունենա շոու ծրագիր: Այս հանդիպման տոմսերն արժեն 2000-5000 դրամ: