Ի՞նչ վնասներ կրեց թատրոնը Նազենի Ղարիբյանի որոշման արդյունքում
Աջակցիր «Ա1+»-ինԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը հույս ունի, որ նոյեմբերի 8-ից հետո, երբ վերջնական ուժի մեջ կմտնի դատարանի որոշումը, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը կշարունակի իր բնականոն գործունեությունը և բոլոր այն հաջողությունները, որ ունեցել են, կշարունակվեն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Կոնստանտին Օրբելյանը դատարանի վճռով վերականգնվել է թատրոնի տնօրենի պաշտոնում: «Ա1+»-ի հետ հեռախոսացրույցում, այն հարցին, թե ինչքանով է ազդել թատրոնի գործունեության վրա նրան թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու Նազենի Ղարիբյանի կայացրած որոշումը, պարոն Օրբելյանը պատասխանեց․
«Իմ հայցը դատարանն ամբողջությամբ բավարարել է, և պետք է հաշվարկվի պարապուրդի գումարն ու վճարվի: Սակայն ինչպե՞ս և ո՞վ պետք է հաշվարկի, թե այս ամիսների ընթացքում, երբ Նազենի Ղարիբյանի կամայական որոշման արդյունքում խաթարվել էր թատրոնի բնականոն աշխատանքը, որքա՞ն վնաս կրեց թատրոնը:
Օպերային թատրոն պահելը պետության համար թանկ հաճույք է: Մեր թատրոնը 700 աշխատակից ունի: Երբ աշխատանքի անցա, առաջին հերթին օգտագործելով իմ անունն ու կապերը, հովանավորներ, գումարներ սկսեցի փնտրել նոր ներկայացումների, նաև «իրենց դարն ապրած» լուսային սարքավորումները փոխելու և այլ հրատապ աշխատանքների համար: Իսկ այս դեպքերից հետո, քանի որ անորոշ իրավիճակ էր, թատրոնի հովանավորները դադարեցրին ֆինանսավորումը: Դադարեցվեցին նաև տարբեր մեծածավալ միջոցառումների, հյուրախաղերի հետ կապված պայմանավորվածությունները»:
Սակայն պարոն Օրբելյանը նշեց, որ լիահույս են, և առաջիկայում խաղացանկը հագեցած է լինելու պրեմիերաներով ու խաղացանկային ներկայացումներով: Իսկ նոյեմբերի ութին Կաունասի պետական երգչախումը մեր թատրոնի մեներգիչների ու նվագախմբի հետ համատեղ կներկայացնի Մոցարտի «Ռեքվիեմը»՝ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ: