Նամակ ընկեր Սպալետիին
Աջակցիր «Ա1+»-ինՍանկտ Պետերբուրգի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն բաց նամակով դիմել է տեղի «Զենիթ» ֆուտբոլային ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետիին` կոչ անելով կամովին իր աշխատավարձը փոխանցել քաղաքի բյուջեին:
Ահա հատվածներ այդ նամակից.
«Ընկեր Սպալետի
Մենք չնայած դեռ չենք հարմարվում այն մտքի հետ, որ երեք հեղափոխությունների մայրաքաղաք Լենինգրադի «Զենիթը» գլխավորելու է թշնամական ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնող երկրի քաղաքացին, բայց հավատով ընդունեցինք «Զենիթի» ղեկավարության որոշումը, քանի որ գիտենք, որ դուք լավ ֆուտբոլիստ եք եւ լավ մարզիչ:
Կապիտալիզմի ճգնաժամի պատճառով բավական տուժել է Ռուսաստանի տնտեսությունը, Պետերբուրգում ավելացել է գործազրկությունը, ուռճացվել են գները, եւ նման պայմաններում «Զենիթը» ձեզ առաջարկել է 4 մլն եվրո աշխատավարձ: Ընդ որում, Լուչանո, Պետերբուգում միջին աշխատավարձը կազմում է ընդամենը 20000 ռուբլի: Դու երիտասարդ չես եւ 10 տարի անց անցնելու ես թոշակի: Իմացիր, որ Լենինի քաղաքում թոշակառուները ամսեկան ստանում են 7000 ռուբլի:
Ընկեր Սպալետի, եթե դու նվիրված ես Գրամշիի եւ Տոլյատիի, Լոնգոյի եւ Բերլինգուերայի սկզբունքներին, եթե հիշում ես խորհրդային զինվորների եւ իտալացի պարտիզանների ռազմական բարեկամությունը, եթե գիշերները երգում ես «Բանդիերա ռոսա» եւ «Բելա չաո» երգերը, ապա ինտերնացիոնալիզմ դրսեւորիր եւ Սանկտ Պետերբուրգի քաղաքային բյուջեին փոխանցիր 3 մլն 988 հազար եվրո: Ձեզ կմնա 12 հազար եվրո, այսինքն, 1000-ական եվրո ամսեկան: Դա ավելի շատ է, քան վաստակում են մեր քաղաքի ազնիվ աշխատավորները: Եթե մեր կոչը համապատասխան ռեակցիա չի առաջացնի, ապա մենք նոր կոչերով կդիմենք իտալացի կոմունիստներին ու աշխատավորներին»:
Իսկ ահա մի շարք լրատվամիջոցները գտնում են, որ Սպալետիի նշանակումից օգուտ կստանա ոչ միայն «Զենիթը», այլեւ Սանկտ Պետերբուրգի մոդայիկ խանութների տերերը, քանի որ իտալացի մասնագետն ու նրա կինը սիրում են մոդայիկ հագնվել եւ մշտապես օգտվում են թանկարժեք խանութների ծառայություններից: