Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Արսեն Բաբայանի գործով դատական ակտը կհրապարակվի վաղը (տեսանյութ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրում, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, քննվում է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, ԱԺ հանրային կապերի վարչության նախկին պետ, իրավաբան Արսեն Բաբայանի ձերբակալության դեմ փաստաբանների բողոքը, քննիչի՝ Բաբայանին կալանավորելու միջնորդությունը։
 
Հոկտեմբերի 21-ին ՀՔԾ-ում Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել էր իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին: Նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով Արսեն Բաբայանը ձերբակալվել էր:
 
Սակայն երեկ Արսեն Բաբայանի փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել «իշխանությունը յուրացնելուն օժանդակելու» համար։
 
Ըստ փաստաբանի՝ մեղադրանքն ապօրինի է, և Արսեն Բաբայանը մեղադրանքը չի ընդունում։
Ի աջակցություն Արսեն Բաբայանի՝ այստեղ են հավաքվել նրա ընկերները։ 

Աջակիցների թվում են՝ Հայաստանի Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը, «Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը, ռեժիսոր Դավիթ Սահակյանը, «Ադեկվադ» կուսակցության անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Լիկա Թումանյանը, Գարեգին Պետրոսյանը, «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ  Սամսոնյանը, ՎԵՏՕ նախաձեռնության անդամ Ռոբերտ Մելքոնյանը, քաղաքական գործիչ Հրանտ Մելիք-Շահնազարյանը և այլք։

Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նիստը կարող է երկար տևել, քանի որ քննվում է թե փաստաբանների բողոքը ձերբակալության դեմ, թե՛ քննիչի՝ կալանավորելու միջնորդությունը, իսկ որոշումն, ամենայն հավանականությամբ, վաղը կհրապարակվի։ 

Իրավապաշտպանը հավելեց, որ Բաբայանը դատարանում է այս պահին։

Լրագրողների հետ զրույցում Միհրան Հակոբյանն անդրադարձավ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի ձերբակալությանը։ Նախկին պատգամավորը ձերբակալությունը կապեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին։

Նա դա որակեց բռնաճնշում։ Ըստ Հակոբյանի՝ Փաշինյանը սկզբում բռնազավթել է օրենսդիր իշխանությունը, հետո՝ գործադիրը, իսկ դատական իշխանության բռնազավթումից հետո հերթը կհասնի լրատվամիջոցներին։

Նշենք, որ նիստը քիչ առաջ ավարտվել է։ Արսեն Բաբայանի ազատության հարցով դատական ակտի հրապարակումը տեղի կունենա վաղը, ժամը 12:00-ին։ Այդ մասին գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում։