Բացել լրահոսը Փակել լրահոսը
72962671_499108067606010_2660669696558235648_n
A A
Հասարակություն

Առաջարկել ենք գրավ՝ 230 մլն-ի չափով․ Երեմ Սարգսյան (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր ընթացավ ԱԱԾ-ի կողմից դատարան ներկայացված՝ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի վերաբերող միջնորդությունը՝ նրա կալանքի ժամկետի երկարացման վերաբերյալ նիստը։

Դատարանի որոշումը կհրապարակվի վաղը, ժամը 12։00-ին։

Դատական նիստից Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ դրված է խնդիր՝ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու համար։

«Ես չեմ ուզում քաղաքականացնել խնդիրները, բայց հանգամանքներից երևում է, որ կա նման բաղադրիչ։ Գիտեք ինչ, Առողջապահության նախարարը ինչո՞ւ է ուշացնում եզրակացության տրամադրումը, ո՞րն է շահը, այստեղ ակնհայտ է, որ կա իրավապահ մարմինների միջամտությունը։ Նրանք ինչի՞ են անձին կալանավորում, նոր քննություն իրականացնում, այն դեպքում, երբ որ անձը ինքնակամ եկավ, ներկայացավ, գործը վերաբերում է տարիներ առաջ տեղի ունեցած փաստական հանգամանքներին, որը դեռ երկար ժամանակ պետք է քննվի»։

Երեմ Սարգսյանը նշեց, որ Գագիկ Խաչատրյանի բոլոր բողոքները և միջնորդությունները քննվում են նույն դատավորի կողմից։

«Երկու խուզարկության միջնորդություն, իմ կողմից ներկայացված ձերբակալման բողոք, կալանքի միջնորդություն, ոնց է ստացվում, որ բոլոր դատավորների միջից նույն դատավորին է մակագրվում։ Հերթապահ դատավորները հինգն են, և հինգից կարող է որևէ այլ անձի մակագրվել»։

Երեմ Սարգսյանը նաև նշեց, որ իրենք որպես խափանման միջոց են առաջարկել գրավը 230 մլն-ի չափով․

«Չգիտեմ, թե դատարանը ի՞նչ որոշում կկայացնի։ Սակայն իմ համոզմունքն ունեմ, որ դատարանը ի զորու չէ այս քրեական գործով օբյեկտից որոշում կայացնել, ինչը փորձը ցույց տվեց»։

Ի դեպ նույն դատարանում ընթանում էր Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ ՊԵԿ նախկին բարձաստիճան պաշտոնյա Կարեն Խաչատրյանի խափանման միջոցի փոփոխության, ինչպես նաև նախաքննական մարմնի՝ կալանքը 2 ամսով երկարացնելու հարցով նիստը։

Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը նշեց, որ դատարանը վճռել է գրավի միջնորդությունը մերժել, իսկ խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդությունը բավարարվել է մասնակի՝ կալանքը կերկարացվի 1 ամսով։