Բացել լրահոսը Փակել լրահոսը
73088096_803951093375555_6595098990847459328_n
A A
Հասարակություն

«Բնապահպանական խնդիրներն ավելի արագ են աճում, քան մենք խոսում ենք դրանց մասին» (տեսանյութ)

«Արևորդի» 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնը Երևանում այս անգամ անցկացվում է հոկտեմբերի 22-25-ը։ Փառատոնի տնօրեն Սոնա Քալանթարյանն այսօր հրավիրված ասուլիսում,  անդրադառնալով փառատոնի բուն նպատակին, ընդգծեց․

 «Փառատոնի հիմանական նպատակն է իրազեկել և տարածել բնապահպանական խնդիրների լուսաբանումը թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում։»

 Փառատոնն այս տարի մրցանակային երեք անվանակարգ ունի՝ վայրի բնության պահպանությանը վերաբերվող ֆիլմերի մրցանակ, բնապահպանական խնդիրներին վերաբերվող մրցանակ և լրագրողական հետաքննության ֆիլմերի ու ռեպորտաժների մրցույթ։

Տնօրենը ընդգծեց նաև, որ այս տարի սկսել են ավելի խորը համագործակցել  տարբեր կրթահամալիրների և դպրոցների  հետ․

«Հիմնական համագործակից է համարվում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը, համագործակցում ենք նաև Երևանի կենդանաբանական այգու հետ, որտեղ այսօր և վաղը կանցկացվեն մի շարք միջոցառումներ»։

Բնապահպանական փառատոնի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանն էլ տեղեկացրեց,  որ փառատոնը հիմնադրվել է 2005 թվականից և անցկացվում է երկու տարին մեկ․

«Տարեցտարի բոլորս հասկացանք, որ բնապահպանական խնդիրները շատ ավելի արագ տեմպերով են աճում, քան մենք խոսում ենք դրանց մասին և հիշեցնում ենք։ 2005 թվականից ի վեր առաջին անգամ ստեղծվեց բնապահպանական կրթական ցանց՝ «Արևորդի», որտեղ  հազարավոր դպրոցականներ կրթություն ստացան»։

Հիմադիրը նշեց՝ փառատոնը տարեցտարի ծավալվում է և հիմա ոչ միայն համայնքներ, այլ նաև դպրոցներ է մտնում և դպրոցներ մտնելով ամբողջ իր նախկին փորձը, որ ձեռք է բերել, կարողանում է տարբեր միջոցառումների միջոցով փոխանցել․

«Ամեն տարի փառատոնի համար ընտրվում է մեկ թեմա, այս տարի հովազի թեման է, որվհետև այս տարի հենց հովազի տարի է հայտարարված»,- տեղեկացրեց տնօրենը։

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը փառատոնը այլևս կայացած համարեց և ընդգծեց՝ փաստը, որ երիտասարդությունը բավականին հետաքրքրված է փառատոնով և բնությամբ, նշանակում է, որ փառատոնի առաքելությունը ճիշտ ուղու վրա է․

«Փառատոնի արժեքն այն է , որ ինքը կարողացավ տարածել և պատանիների մտքի մեջ սերմանել արժեհամակարգ բնության հանդեպ։ Մենք 2005-ից հավատացինք փառատոնի գաղափարին, որովհետև հասկանում էինք՝ ինչքան կարևոր է միջավայրը մաքուր պահելր և ինչքան կարևոր են դաստիարակչական,  բացատրական սոցիալական աշխատանքները, որպեսզի պատանիները և մանուկները հասկանան և գիտակցեն՝ իրենք պետք է դառնան այն վահանը, որով կպաշտպանեն հայրենի բնությունը»։

Փառատոնի շրջանակներում անցկացվող միջոցառումներին անդրադարձավ փառատոնի գործընկեր Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը․

«Այս տարի ևս նախատեսվում են մարզային միջոցառումներ, ֆիլմերի ցուցադրություններ և աշխատանքային հանդիպումներ Վայոց ձորի և Արարատի մարզերում։ Այն ծրագրի շրջանակներում, որ մենք իրականացնում ենք Եվրոմիության հետ համատեղ այս գործունեության ընթացքում, 15 համայնքների երեխաներ ձևավորել են բնապահպանական ակումբներ և այդ ակումբներում իրենք սովորում են նաև ֆիլմեր նկարահանել բնապահպանական խնդիրների շուրջ։  Յուրաքանչյուր ակումբ երկուսից ավելի ֆիլմեր է պատրաստել և այդ ֆիլմերը հետագայում տարբեր արտասահմանյան ցուցադրությունների կմասնակցեն»։

Էդիլյանը նշեց նաև, որ կան գյուղեր, որտեղ ֆիլմերում բարձրացված բնապահպանական մի շարք խնդիրներ արդեն  լուծվել են։