Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Չեմպիոնների լիգա. «Ռեալի» առաջին հաղթանակը, Սթեռլինգի և Մբապեի ֆենոմենալ հեթ-տրիկները

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացան խմբային փուլի 3-րդ տուրի առաջին ութ հանդիպումները: Այս անգամ անակնկալներ չգրանվեցին և հաղթեցին նախապես նշված ֆավորիտները:

A խմբի առաջատար «ՊՍԺ»-ն հյուրընկալվելիս 5:0 հաշվով ջախջախեց բելգիական «Բրյուգեին» և տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը: Ֆրանսիացիների կազմում երեք գոլ խփեց երկրորդ խաղակեսի 52-րդ րոպեին փոխարինման մտած Կիլիան Մբապեն: Վերջին անգամ նման արդյունավետություն գրանվել էր 11 տարի առաջ, երբ իսպանական «Վիլյառեալի» հարձակվող Խոսեպ Լյորենտեն երեք գնդակ էր ուղարկել դանիական «Օլբորգի» դարպասը:

Այս խմբում հանդես եկող Մադրիդի «Ռեալը» Ստամբուլում նվազագույն հաշվով պարտության մատնեց տեղի «Գալաթասարային»: Իսպանացիներին առաջին հաղթանակը բերեց Տոմի Կրոսի հեղինակած միակ գոլը: «Ռեալը» վաստակեց 4 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական:

B խումբը գլխավորող Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելիս 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ հունական «Օլիմպիակոսի» նկատմամբ և 9 միավորով ամրապնդվեց 1-ին տեղում:

Նրան հաջորդող Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական դաշտում 5:0 հաշվով ջախջախեց Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդային» և վաստակած միավորների քանակը հասցրեց 4-ի: Անգլիական թիմը լիգայի պատմության մեջ դարձավ երկրորդ թիմը, որը հինգ գնդակով պարտվելուց հետո տարավ նույնպիսի հաղթանակ: Նախորդ տուրում «Տոտենհեմը» սեփական դաշտում 2:7 հաշվով պարտվել էր «Բավարիային»:

C խմբում հաղթարշավը շարունակեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին», որը իտալական «Ատալանտայի» հետ խաղում չնայած առաջինը գնդակ բաց թողեց, բայց արդյունքում 5:1 խոշոր հաշվով հաղթանակ տարավ: Այս խաղի հերոս դարձավ Ռահիմ Սթերլինգը, որը երկրորդ խաղակեսում 11 րոպեի ընթացքում երեք գոլ խփեց:

Անգլիացիներին հաջորդող Դոնեցկի «Շախտյորն» ու Զագրեբի «Դինամոն» ոչ-ոքի՝ 2:2 խաղացին իրար հետ և 4-ական միավորով առայժմ բաժանում են 2-3-րդ տեղերը: Խորվաթները լիգայի վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ միավոր վաստակեցին մրցակցի դաշտում:

D խմբում հաղթանակներ տարան երկու առաջատարները: Մադրիդի «Աթլետիկոն» սեփական դաշտում 1:0 հաշվով պարտության մատնեց գերմանական «Բայերին», իսկ Թուրինի «Յուվենթուսն» իր հարկի տակ կամային հաղթանակ տարավ Մոսկվայի «Լոկոկոմտիվի» նկատմամբ՝ 2:1: Իսպանացիներն ու իտալացիները վաստակեցին 7-ական միավոր և բավականին առաջ պոկվեցին իրենց մրցակիցներից:

Ի դեպ, «Յուվենթուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն չեմպիոնների լիգայում թվով 50-րդ մրցակցի դեմ խաղաց: Նրանից ավելի շատ մրցակիցների հետ հանդիպել են Ռայան Գիգզն (51) ու Իկեր Կասիլյասը (53):