Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG-4151
A A
Պաշտոնական

«Միավորելով համընդհանուր ուժերը` կարող ենք հասնել ցանկալի արդյունքի» Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայ-ռուսական առողջապահական 5-րդ ֆորումի շրջանակներում Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության պատվիրակությանը, որը գլխավորում է ՌԴ-ի առողջապահության նախարարի տեղակալ Տատյանա Սեմյոնովան: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Ողջունելով ներկաներին` Տատյանա Սեմյոնովան փոխանցել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի խոսքը, որ որոշակի հանգամանքներով պայմանավորված չի կարող մասնակցել առողջապահական  ֆորումին` հայցելով հայկական կողմի ներողամտությունը:

Կողմերն անդրադարձել են ֆորումի շրջանակներում քննարկվելիք առողջապահական առանցքային խնդիրներին` ընդգծելով, որ այս հանդիպումներից յուրաքանչյուրը նոր ուղի է բացում երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Երկուստեք կարևորվել են համագործակցության այս ձևաչափը, որը թույլ է տալիս յուրաքանչյուր տարվա վերջում համատեղ ամփոփել արդյունքները: 

Արսեն Թորոսյանը փաստել է, որ նմանատիպ հանդիպումները կարևոր են համատեղ ծրագրերը, համագործակցության ոլորտներն ընդլայնելու և թարմացնելու առումով, ինչպես նաև բարեկամական ու ջերմ հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից: 

 «Ընթացիկ 5-րդ ֆորումի համար ընտրվել են այն ուղղությունները, որոնք առավել մեծ ուշադրություն են պահանջում: Վստահ ենք, որ մեր գործընկերներն ու փորձագետները ֆորումի շրջանակներում նախատեսված հանդիպումների ընթացքում կմշակեն համագործակցության արդյունավետ սխեմաներ` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,- նշել է նախարարը: