Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում քննարկվել են Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները (տեսանյութ)

Հոկտեմբերի 11-14-ը Լոնդոնում Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին։ Աշնանային նստաշրջանի օրերը համընկել են Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների հետ, այդ իսկ պատճառով քննարկվել է նաև այդ թեման։

«Այդ վեհաժողովի մթնոլորտը պտտվում էր Սիրիայում տեղի ունեցող դեպքերի շուրջ։ Պաշտպանության հարցերի հանձնաժողովում քննարկված թեմաները ևս առնչվել են Սիրիային, ՆԱՏՕ-ի անդամ պետությունների զինված ուժերի ապագային»,-տեղեկացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և հավելեց, որ Գերմանիայի, Ֆրանսիայի պատվիրակները իրենց մտահոգություններն են հնչեցրել Սիրիայում՝ Թուրքիայի ռազմական գործողությունների վերաբերյալ։

«Իհարկե, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նույնպես իր մտահոգությունը հայտնեց, բայց նաև շեշտեց, որ ՆԱՏՕ-ն գիտակցում է, թե ինչ է տեղի ունենում, բայց իրավական առումով այդ գործողություններում պրոբլեմ չէր տեսնում։ Բնականաբար, դա դժգոհություն առաջացրեց մի շարք այլ պետությունների պատվիրակների մոտ»,- ասաց նա։

Հայաստանի պատվիրակությունը բարձրաձայնել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ, և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պատասխանը բավարարել է հայկական պատվիրակությանը։

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շեշտեց, որ ափսոսում է, որ մինչև հիմա այդ խնդիրը լուծված չէ խաղաղ ճանապարհով։ Մեր հարցի մեջ շատ կարևոր շեշտադրում կար, որը ֆիքսում էր Հայաստանի վարչապետի հիմնական թեզը, որը պետք է գտնել լուծում, որը կբավարարի թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի, թե՛ Ադրբեջանի ժողովրդին։ Իմ տպավորությամբ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին խորթ չթվաց այդ գաղափարը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Վեհաժողովի շրջանակում հայկական պատվիրակության մեկ այլ անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը մասնակցել է քաղաքացիական անվտանգության և գիտություն, տեխնոլոգիաների թեմաներով քննարկումներին:

«Երկուսի կիզակետում եղել է Թուրքիայի ներխուժումը Սիրիա: Կրկին նույն պատկերն էր, Թուրքիան պատճառաբանում էր, թե այնտեղ ահաբեկիչներ են, բայց եվրոպական երկրների ներկայացուցիչներին դա չէր բավարարում։ Գլխավոր քարտուղարի պատասխանից հասկացանք, որ ամեն պետություն իր անվտանգության հույսը պետք է դնի միայն իր վրա»,-նշեց Գևորգ Գորգիսյանը: