Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը` «Հատիսի» գլխավոր հովանավոր

Սպորտ

«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը 2010 թվականին կլինի Երեւանի «Հատիս» բասկետբոլային ակումբի գլխավոր հովանավորը:

Այսօր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխամասային գրասենյակում ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ «Հատիս» ակումբի խորհրդի անդամ Արթուր Մինասյանը կնքեցին հովանավորության համաձայնագիր: Արարողությանը ներկա էր նաեւ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, նույնպես «Հատիս» ակումբի խորհրդի անդամ Հրաչյա Ռոստոմյանը:

Պարոն Ռալֆ Յիրիկյանը բացման խոսքում ասաց, որ սպորտում, ինչպես եւ բիզնեսում, կարեւորը հաղթանակն է, իսկ շարժիչ ուժը` հավատը: «Երեւանի «Հատիս» բասկետբոլի կանանց թիմի հաջողությունը նաեւ մեր հաջողությունն է: Ապագայի մարտահրավերները մեզ համար ներշնչանքի աղբյուր են, եւ մենք համոզված ենք, որ հետագայում եւս կվայելենք հայաստանյան բասկետբոլի նոր հաղթանակները»,-ասաց նա:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ղեկավարը նաեւ ավելացրեց, որ 2010 թվականին շարունակելու են համագործակցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, «Ուլիս» ֆուտբոլային ակումբի, կարատեի հանրապետական ֆեդերացիայի հետ: Հիշեցնենք, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հանդիսանում է նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հովանավորը: «Սպորտի գործընկեր լինելու մեր նպատակը երիտասարդ սերնդի համար կայուն զարգացում ապահովելն է: Մենք մեր երեխաների գիտակցության մեջ պետք է զարգացնենք հաղթանակելու ձգտումը»,- նշեց նա:

Միջոցառմանը ներկա էին նաեւ «Հատիս» թիմի մարզիչներն ու բասկետբոլիստուհիները, որոնք վերջում լուսանկարվեցին իրենց գլխավոր հովանավորի հետ: Իսկ ամենավերջում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը բասկետբոլի գնդակներ նվիրեց մարզական լրագրողներին` Ռալֆ Յիրիկյանի ստորագրությամբ: