Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Նոր Գեղիում խնձորի արձան կբացվի

Հոկտեմբերի 20-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում տեղի կունենա Խնձորի առաջին փառատոնը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ միջոցառումը կմեկնարկի  Սբ․ Հովհաննես եկեղեցում՝  խնձորի և խնձորենու օրհնության կարգով, Փառատոնի ընթացքում նախատեսվում է խնձորի տարբեր տեսակների, խնձորից պատրաստված բազմաթիվ ուտեստների, խմիչքների համտես եւ ցուցահանդես-վաճառք, ձեռագործ հուշանվերների ցուցահանդես-վաճառք և, առաջին անգամ Հայաստանում,  4 մետր  երկարությամբ  խնձորի կարկանդակի  պատրաստում և հյուրասիրություն։  

    Փառատոնի շրջանակներում միջոցառումներ են լինելու համայնքի տարբեր հատվածներում՝ հայկական երգ-երաժշտություն, բեմականացված խաղիկներ, լարախաղաց: Փառատոնը նպատակ ունի ներկայացնելու  Նոր Գեղի համայնքի տնտեսական , մշակութային  և զբոսաշրջային ամբողջ ներուժը։ Խնձորի արձանի բացումն էլ առաջին քայլը կլինի համայնքը՝ որպես խնձորի հայրենիք բրենդավորելու հարցում:

   Նոր Գեղին խնձորի լայնարձակ այգիներով (մոտ 700 հեկտար) հայտնի համայնք է, որտեղ հատուկ մեթոդով աճեցվում են նաև անվանական խնձորներ, որոնք կտեսնեք կից լուսանկարներում: Հանրային լայն մասնակցությունը վստահաբար կնպաստի համայնքը՝ իր առանձնացող տեսակով որպես տուրիզմի կենտրոն ձևավորելու հարցում:

      Նախատեսվում է միջոցառումը դարձնել ամենամյա՝ հաջորդ տարիներին այն կազմակերպելով հենց խնձորի այգիներում, ներգրավելով ավելի մեծ թվով ներգնա զբոսաշրջիկներ, տուր-ընկերություններ և այլ գործընկերներ:

Միջոցառումների մեկնարկը կլինի ժամը 15:00-ին Նոր Գեղիի հրապարակում: