Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Հայաստանը ճիշտ ուղու վրա է»՝ Արժույթի Միջազգային Հիմնադրամի ներկայացուցիչ

«Ամերիկայի ձայն»

Տնտեսական բարեփոխումների իրականացման հարցում Հայաստանը ճիշտ ուղու վրա է, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Արժույթի Միջազգային Հիմնադրամի ներկայացուցիչը: Հիմնադրամի Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Ջիհադ Ազուրի խոսքով, «Թավշյա հեղափոխությունից» ի վեր երկրի նոր կառավարությունը կարեւոր առաջընթաց է արձանագրել.

«Հայաստանում առաջընթացը ճիշտ ուղու վրա է եւ մենք կոչ ենք անում կառավարությանը շարունակել բարեփոխումները, որոնք թույլ կտան երկրի տնտեսությանը լինել ավելի արդյունավետ եւ նոր ներդրումներ գրավել: Հայաստանն այսօր մի երկիր է, որն ունի լուրջ ներուժ եւ կարող է կարեւոր դեր խաղալ տարածաշրջանային եւ միջազգային առումով»:

Մասնավորապես, խոսքը գնում է կոռուպցիայի դեմ պայքարի, հարկային եւ ֆինանսատնտեսական ոլորտի բարեփոխումների մասին, նշում է Ազուրը: Վաշինգտոնում Համաշրարհային Բանկի եւ Արժույթի Միջազգային Հիմնադրամի ամենամյա համաժողովին մասնակցող Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով, Հայաստանը կարեւորում է ֆինանսական հսկայական կառույցների հետ համագործակցությունը, որը բխում է առաջին հերթին հենց Հայաստանի կառավարության ծրագրերից: Անդրադառնալով 2019-2021 թթ. Հայաստանում 5-տոկոսանոց տնտեսական աճի վերաբերյալ Համաշխարհային Բանկի կանխատեսումներին՝ փոխվարչապետը նշեց, որ երկրի իշխանությունները հիմնական շեշտը դնում են տնտեսական աճի ուղղակի ազդեցությանը քաղաքացիների կյանքի բարելավման վրա.

«Սպասումների ձեւավորումն ավելի շատ վերաբերում է ոչ թե նոմինալ արտահայտմանն այլ թե որքանով դա կանդրադառնա մարդկանց կյանքի որակի եւ սոցիալական պաշտպանվածության վրա»:

Վաշինգտոնում համաժողովին մասնակցող «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը «Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում նշեց, որ երկրի գործարար մթնոլորտը իր կարծիքով դրական առաջընթաց է ապտել ոչ միայն խոշոր գործարարների այլեւ մանր ու միջին բիզնեսի համար, որի զարգացմանը «Հայէկոնոմբանկն» աջակցում է վարկեր տրամադրելով: Փոխվել է նաեւ երկրի ընդհանուր մթնոլորտը եւ ապագայի նկատմամբ վերաբերմունքը, նշում է գործարարը.

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանի վարչապետը 24 ժամ աշխատում է: Եթե նա 24 ժամ աշխատում է եւ ցանկություն ունի երկիրն առաջ տանելու, ապա մենք նույնպես ուրախ ենք աշխատել: Ասեմ, որ նույնիսկ այսօր գործարարները հաճույքով են հարկեր վճարում»

Սարիբեկ Սուքիասյանի խոսքով, այսօր Հայաստանի պետբյուջե հարկեր վճարելիս գործարարները գիտեն, որ դրանք նպատակային են ծախսվելու: