Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0132781
A A
Հասարակություն

Հաճախ մարդկանց անտարբերության պատճառով է աղետ լինում․ Ֆելիքս Ցոլակյան

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ խորհրդարանում տեղի են ունենում «Դիմակայուն Հայաստան» խորագրող խորհրդարանական լսումներ։

Ներկա է նաև Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ այս լսումների նպատակը համախմբված և միասնական մեկ քայլ առաջ անել՝ դեպի կանգուն և անվտանգ ապագա, դեպի դիմակայուն Հայաստան։

«Մենք միասին պիտի կառուցենք մեր երկրի անվտանգության հենասյունը՝ լինելով վտանգներից պաշտպանված, իրազեկ և պատրաստված»,- դիմելով ներկաներին՝ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Ֆելիքս Ցոլակյանն ընդգծեց, որ Հայաստանը հիմնականում պայքարում է ծագած աղետների հետևանքների դեմ, սակայն դրանց մեծ մասը կարող է նվազ ազդեցություն ունենալ, եթե համապատասխան կանխարգելիք քայլեր ձեռնարկի պետությունը։

«Կուզեի նշել, որ դիմակայելու մշակույթի ձևավորման գործընթացում կարևորագույն խնդիր է քաղաքացիների պատշաճ իրազեկվածության բարձրացումը, հավաստի և արժանահավատ տեղեկատվության կազմակերպումը։ Մենք այլընտրանք չունենք, քան ուժեղ և դիմակայուն երկիր կառուցելու պատասխանատվություն ստանձնելը։ Ֆինանսական միջոցների սակավ լինելը չի կարող խոչընդոտ հանդիսանալ ռիսկերի գիտակցումով պայմանավորված պետություն կառուցելու հարցում։ Անհրաժեշտ է քաղաքական կամք, կառավարման գիտելիքներ, հմտություն և ամենօրյա քրտնաջան ու պատասխանատու աշխատանք»,- շեշտեց նախարարը։

Ֆելիքս Ցոլակյանի դիտարկմամբ՝ հաճախ մարդկանց անտարբերության պատճառով է աղետ լինում։ Նախարարն օրինակ է բերում այն, որ այս տարի հրդեհներ շատ եղան, եթե մարդիկ ավելի ուշադիր լինեին, գուցե դրանք չլինեին։

«Անտառամերձ շրջանների խոտածածկ տարածքներ ունենք, որոնք, եթե ժամանակին ոռոգվեն, հնձվեն, մենք չենք ունենա նման բան։ Նույնը քաղաքում ես այսօր անցնում էի այգու կողքով, որտեղ ծառերի տակը կանաչ տարածություն էր, ես ասացի՝ այս տարածքում երբեք հրդեհ չի լինի»,- նկատեց Արտակարգ իրավիճակների նախարարը։