Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Նունե Սարգսյանը հյուրընկալել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաներին

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այսօր հյուրընկալել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի տնօրեն Հասմիկ Մարկոսյանին և քոլեջի սաներ Նարե Մարկոսյանին ու Րաֆֆի Գալստյանին, որոնք, արժանանալով Հանրապետության նախագահի մրցանակին, հնարավորություն էին ստացել վերապատրաստվել Մոսկվայի Մեծ թատրոնում:

Նարե Մարկոսյանը և Րաֆֆի Գալստյանը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 11-ը Մեծ թատրոնում դիտել են բեմադրություններ, ինչպես նաև ներկա եղել փորձերին, ծանոթացել պարարվեստի գաղտնիքներին:

Հանրապետության նախագահի տիկնոջը փոխանցելով իրենց տպավորությունները՝ նրանք նշել են, որ հնարավորություն են ունեցել նույն բեմում գտնվել հանրահայտ պարողների հետ, սովորել նրանցից և հիմա վերադարձել են նոր գիտելիքներով ու փորձառությամբ:

 «Համոզված եմ, որ մեծ ապագա ունեք, և ձեզ մեծ բեմերում ենք տեսնելու»,-ասել է Նունե Սարգսյանը՝ ավելացնելով, որ Հանրապետության նախագահի հետ որոշել են նման մրցանակ շնորհել Երևանի պարարվեստի պետական քոլեջի ևս երկու սանի:

Քոլեջի տնօրեն Հասմիկ Մարկոսյանը շնորհակալություն է հայտնել քոլեջի նկատմամբ ուշադրության և սաների համար ընձեռված հնարավորության համար՝ ընդգծելով, որ նման քայլերը ոգևորում են իրենց: