Բացել լրահոսը Փակել լրահոսը
4
A A
Պաշտոնական

Ռուստամ Բադասյանը մասնակցում է «Արդարադատության թվային մարտահրավերները Եվրոպայում» խորագրով համաժողովին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հոկտեմբերի 14-16-ը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում մասնակցում է «Արդարադատության թվային մարտահրավերները Եվրոպայում» խորագրով համաժողովին։

Նախարարն իր ելույթում տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսվում է ապահովել արդարադատության ոլորտի ինստիտուցիոնալ զարգացում, որի բաղկացուցիչ մասն է կազմելու Էլեկտրոնային արդարադատության գործիքների ներդրումը: 

Նախարարի խոսքով՝  դրա նպատակն է միավորել արդարադատության մարմիններում գործող բոլոր էլեկտրոնային համակարգերը և տվյալների շտեմարանները, արդիականացնել դատարաններում գործող էլեկտրոնային կառավարման համակարգերը, դրանց հիման վրա դատարաններում ներդնել և գործարկել դատական միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ, ստեղծել իրավապահ դատական և իրավակիրառ մարմինների միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ, ներդնել պաշտոնական առցանց նամակագրության համակարգ, ապահովել համակարգի միջոցով վիճակագրական տվյալների հավաքագրումը վարույթի ողջ ընթացքում, ինչպես նաև ապահովել թվային արխիվների ստեղծումը:

Նախարար Բադասյանը ընդգծել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը չի շրջանցել Հայաստանի պետական կառավարման և արդարադատության ոլորտները: Եվրոպական միության, USAID- ի, ՄԱԶԾ-ի, Համաշխարհային բանկի և միջազգային այլ դոնորների աջակցությամբ մշակվել և գործարկվել են էլեկտրոնային հարթակներ և համակարգեր, որոնցից են www.e-draft.am  իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը, Արդարադատության նախարարության կողմից մատուցվող ծառայությունների բարելավմանը նպաստող www.e-hotline.am կայքը, ՀՀ պետական ​​մարմինների կողմից տրամադրված պաշտոնական փաստաթղթերի վավերականությունը ստուգելու նպատակով ստեղծված www.e-verify.am միասնական կայքը, www.e-notary.am –ը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման նպատակով գործարկված www.azdararir.am հարթակը և այլն:

Ամփոփելով ելույթը՝ Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ թվային դարաշրջանում առկա նոր մարտահրավերներին զուգահեռ՝ թվայնացումը հսկայական օգուտ է տալիս. ստեղծված էլեկտրոնային ժողովրդավարության գործիքների միջոցով կառավարությունները պայքարում են կոռուպցիայի դեմ և պարզեցնում են վարչարարությունը:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչություն