Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Հասարակություն

Շենքը վաճառվել է, բնակիչներն անօթեւան մնալու վտանգի առջև են (տեսանյութ)

Խորենացի 213 հասցեում գտնվող նախկին ուսումնարանի շենքի բնակիչները անօթեւան մնալու վտանգի առջև են։ Նրանք այսօր ակցիա էին իրականացնում Պետական գույքի կառավարման կոմիտեի շենքի դիմաց։ Բնակիչներն ասում են՝ երկար տարիներ է, ինչ բնակվում են այդ շենքում, սակայն այս տարի իմացել են, որ հուլիս ամսին իրենց շենքը վաճառվել է տարածքում գործող «Վենեցիա» հյուրանոցի տնօրինությանը։

Հյուրանոցի ղեկավարությունն իրենց ժամանակ էր տվել՝ շենքն ազատելու համար, սակայն գնալու տեղ քաղաքացիները չունեն։ Ասում են՝ երեկվանից էլ շենքն ամբողջությամբ հոսանքազրկել և ջրանջատել են։ Պետական գույքի կառավարման կոմիտեից խոստում են ստացել՝ այլ բնակավայր կտրամադրեն, բայց մինչ օրս չեն կարողանում տեղափոխվել խոստացված տարածք։

«Պետգույքը խոսք է տվել, եկել են, թղթերը ներկայացրել յուրաքանչյուր ընտանիքին, ստորագրել ենք ոնց որ կարգն է։ Ես 6 հոգուց բաղկացած ընտանիք եմ, ունեմ 3 փոքր երեխա։ Մեզ խոստացել էին բանալիները, որ տեղափոխվենք այլ բնակարան։ Բերեք, տվեք, մենք գնանք»,- ասաց շենքի բնակիչ Էմիլ Հայրապետյանը։

Հավաքված քաղաքացիների հետ հանդիպեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Սերգո Աթանեսյանը։

Քանի որ շենքի բնակիչների մեծ մասը Ադրբեջանից բռնագաղթվածներ են, Սերգո Աթանեսյանն ասաց՝ ինքը խոսել է թե՛ Միգրացիոն ծառայության հետ, թե՛  միջնորդել են, որ հոսանքի հարցը հնարավորինս շուտ կարգավորվի, որպեսզի բնակիչները կարողանան տեղափոխվել նոր տրամադրվելիք բնակարաններ։

«Մենք ամեն ինչ կանենք, որ մինչև ամսվա վերջ ձեր հոսանքի հարցը լուծվի։ Ասեմ ավելին՝ ձեր հոսանքը շատ ավելի շուտ էին ուզում անջատել, ես զանգել եմ, խնդրել եմ, իմ անձնական ծանոթությունները ներգրավել եմ, և ինձ ժամանակ են տվել»,- նշեց կոմիտեի նախագահի տեղակալը։

Աթանեսյանն ասաց՝ հիմա բնակիչների խնդիրը փորձում են լուծել, բայց նրանք նոր բնակարաններ դեռ տեղափոխվել չեն կարող, քանի դեռ լուծված չէ բնակարանների սեփականշնորհման հարցը։