FIDE Chess.com Grand Swiss 2019. Վլադիմիր Հակոբյանը հավասարվեց Լևոն Արոնյանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲրիտանական Մեն կղզում ընթացող FIDE Chess.com Grand Swiss 2019 շախմատի խոշոր մրցաշարում կայացան 5-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սևերով գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց ուկրաինացի Յուրի Կրիվորուչկոյի հետ: Իսկ ահա երկրորդ համար Գաբրիել Սարգսյանը նույն խաղաքարերով զիջեց Իսպանիան ներկայացնող ռուս շախմատիստ Ալեքսեյ Շիրովին:
Այս տուրում գերազանց հանդես եկավ փորձառու Վլադիմիր Հակոբյանը, որը մեծ դժվարությամբ հաղթեց ավստրիացի Մարկուս Ռագերին, վաստակեց 3,5 միավոր և հավասարվեց Լևոն Արոնյանին: Այս տուրում հաղթանակը տարավ նաև Սերգեյ Մովսեսյանը:
Մեր մնացած շախմատիստներն ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Արդյունքում, Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակեց 3 միավոր և հավասարվեց Գաբրիել Սարգսյանին: Հրանտ Մելքումյանն ունի 2,5 միավոր, իսկ իրար հետ ոչ-ոքի խաղացած Էլինա Դանիելյանն ու Կարեն Մովսիսյանը Սերգեյ Մովսեսյանի հետ միասին վաստակել են 1,5-ական միավոր:
Այսօր տեղի կունենան 6-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սպիտակներով կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսեյ Դրեևի հետ: Վլադիմիր Հակոբյանը սևերով հանդիպելու է ռուսաստանցի գրոսմայստեր Կիրիլ Ալեքսեյենկոյի հետ: Գաբրիել Սարգսյանի մրցակիցը ադրբեջանցի Նիյատ Աբասովն է, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանինը՝ ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովը: Հրանտ Մելքումյանը սևերով կխաղա Թուրիքիայի շախմատիստ Մուստաֆա Իլմազի հետ: