Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_1172
A A
Հասարակություն

Զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց արձակուրդային վճարումների գործով դատական նիստը հետաձգվեց

Երևան քաղաքի Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, քննվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ քրեական գործը հարուցելը մերժելու մասին քննիչ Լևոն Եղոյանի որոշման դեմ։

Բողոքը սկզբում քննվել էր առաջին ատյանի դատարանում, սակայն դատարանը մերժել էր բողոքը։ Հանցագործության մասին հաղորդման հիմքը եղել էր տեղեկությունը, ըստ որի` զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց արձակուրդային վճարումները 2005 թվականից սկսած առնվազն 40 տոկոսով պակաս է վճարվում։

Դատական նիստը հետաձգվեց։ Դատախազ Արշակ Մարտիրոսյանը ներկայացել էր նիստին, սակայն դատավորն ասաց, որ բողոքը դատարան ներկայացրած գրասենյակից որևէ ներկայացուցիչ չէր եկել, և դատարանը որևէ գրություն չէր ստացել պատճառների վերաբերյալ, ուստի դատավոր Բեկթաշյանը որոշեց այն հետաձգել. նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին ժամի 11-ին։

«Ա1+»-ը կապ հաստատեց Արթուր Սաքունցի հետ։ Նա ասաց, որ Վարշավայում է եւ որ կապ հաստատենք Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի հետ։ Մեզ հետ զրույցում Զալյանն ասաց, որ դատական նիստին ներկայանալու վերաբերյալ ծանուցագիր չեն ստացել։

Փաստաբանը նաև մեզ ուղարկեց թե՛ առաջին ատյանի  , և թե՛ Վերաքննիչ դատարաններ ուղարկված բողոքների էլեկտրոնային տարբերակները։ 

Գրասենյակը նշել է, որ այս գործով վարույթն իրականացնող մարմինը չի կատարել գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն և չի ձեռնարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված միջոցառումները, ինչը հիմք է քննիչի որոշումը վերացնելու համար։ 

Վերաքննիչ դատարան ուղարկված բողոքում կառույցը խնդրել է ամբողջությամբ բեկանել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/0387/11/19 քրեական գործով 2019թ. հուլիսի 16-ի որոշումը եւ կայացնել նոր դատական ակտ՝ քննություն իրականացնող մարմնին` պարտավորեցնելով վերացնել քրեական գործ հարուցելը մերժելու մասին 08.04.2019թ.-ին կայացված որոշմամբ թույլ տրված դիմումատուի իրավունքների եւ ազատությունների խախտումները: