Բացել լրահոսը Փակել լրահոսը
736630
A A
Հասարակություն

Epress.am-ի լրագրողներին արգելել են մտնել Վրաստան

Հոկտեմբերի 11-ին՝ ավելի քան 4 ժամ վրաց-հայկական սահմանի «Նինոծմինդա-Բավրա» անցակետում պահելուց հետո, Epress.am-ի լրագրողներին արգելել են մուտք գործել Վրաստան, հայտնում է Epress.am-ը։

Չորսը ժամ շարունակ լրոգրողները ստիպված բացատրություններ էին տալիս անցակետի տարբեր աշխատակիցներին, որ գործուղված են Ախալքալաք, Ախալցխա և Թբիլիսի՝ վրացական Newcaucasus.com-ի գործընկերների հետ համատեղ նախագծի շրջանակներում տեղացի լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների հետ հարցազրուցներ անելու համար։

Պաշտոնական որևէ բացատրություն անցակետի աշխատակիցների կողմից չտրվեց։ Ասացին՝ «հավատարմագիր է պահանջվում» և «հարցազրույցի թույլտվություն»՝ առանց պարզաբանելու, թե կոնկրետ որ ատյանն է այն տրամադրում կամ որտեղ է ամրագրված «թույլտվություն» ստանալու անհրաժեշտությունը։

Ուղեբեռի զննությունից հետո լրագրողներին բանավոր հայտնեցին, որ տեսախցիկի, երկու միկրոֆոնների (բրոշկա), ամրակալի ու համակարգչի անցկացումն արգելվում է։ Խոսքը ոչ պրոֆեսիոնալ սարքավորումների մասին է, որոնցով  Epress.am-ի լրագրողները նախկինում բազմիցս հատել են Վրացական սահմանը։

Այնուհետև լրագրողների մոտ եկավ անցակետի մեկ այլ աշխատակից․ «Անհրաժեշտ է հավատարմագրվել, թույլտվություն ստանալ»․․․ Ի պատասխան ասվեց, որ հայաստանյան լրագրողները՝ հատկապես նրանք, ովքեր ներգրավված են տարածաշրջանային նախագծերում, հաճախ են գալիս Վրաստան, վերջին անգամ նույն խմբագրության աշխատակիցները նույն անցակետով նույն նպատակով մուտք են գործել Վրաստան օգոստոսի վերջին, լրագրություն անելու համար թույլտվություն ստանալու մասին նախկինում երբևիցե չեն լսել։ Անցակետի աշխատակիցը պատասխանեց՝ «իրավիճակ է փոխվել»։

Մեկ ուրիշ սահմանապահ ասաց, որ լրագրողները կարող են վերադառնալ հայկական կողմ, թողնել այնտեղ սարքավորումները և կրկին մուտք գործել Վրաստան։ Սահմանապահը հրաժարվեց վերադարձնել անձնագրերից երկուսը՝ պնդելով, որ դրանք մի քանի րոպեից կվերադարձնի իր՝ ելքի կնիքը դնող գործընկերը։ Այդպես էլ եղավ։

Հայաստանի անցակետի աշխատակիցն ասաց, որ սա իրեն պատահած առաջին դեպքն է, երբ առանց գրավոր բացատրության արգելում են մուտք գործել Վրաստան։ Լրագրողները մուտք գործեցին Հայաստան, թողեցին նշված սարքավորումները, ապա վերադարձան վրացական անցակետ, որտեղ նրանց կրկին մերժեցին։ Սահմանապահը, որը մինչ այդ խոսում էր «իրավիճակի փոխվելու» մասին, այս անգամ արդեն ագրեսիվ տոնով ասաց․ «Դուք չհասկացա՞ք, որ ձեզ չի կարելի մտնել Վրաստան»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում