Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԷմմԱռաք
A A
Հասարակություն

Հայաստանում նորարարությունը մեծ մասշտաբներով զարգանում է․ պրոֆեսոր (տեսանյութ)

ԱՄՆ Նյու Յորք քաղաքի «Օրիոն Ուորլդվայդ Իննովեյշն» ընկերության գործադիր տնօրեն, Կոլումբիայի և Նյու Յորքի համալսարանների պրոֆեսոր,  տնտեսագետ Էմմա Առաքելյանն այսօր մասնակցում էր Մտավոր սեփականության պաշտպանության և վենչուրային ներդրումների խթանմանն ուղղված թեմայով գագաթնաժողովին։

Ընդմիջումից հետո նա զրուցեց լրագրողների հետ։ Էմմա Առաքելյանն ասաց, որ մտավոր սեփականության պաշտպանվածության հարցում Հայաստանում ներդնելու համար փորձում են կիրառել ամերիկյան լավագույն փորձը և առաջակում են նաև ոլորտին վերաբերող օրենսդրական փոփոխություններ։

«Օրինակ, եթե ինչ-որ մեկը չի հետևում օրենքին, դրա պատժամիջոցներն ինչպես են լինում, դատարանների պատրաստվածությունը նման գործերը նայելու համար․ մենք վերցրել ենք Ամերիկայի լավագույն օրենքները և իհարկե, որոշ փոփոխություններով ներկայացնում ենք Հայաստանում՝ օրենսդրական փոփոխություններ կատարելու համար»,- մանրամասնեց պրոֆեսորը։

Առաքելյանն ասաց, որ միայն ԱՄՆ-ում կիրառվող սոֆթվեյրի (ծրագրակազմ, համակարգչային ծրագրերի հավաքական անվանումը) պատենադավորման գործիքակազմ նույնպես նախատեսվում է ներդնել, որի միջոցով Հայաստանը կդառնա ռեգիոնալ կենտրոն, և աշխարհի տարբեր երկրներից, նույնիսկ Եվրոպական երկրներից, կարող են գալ և սոֆթվեյր պատենդավորել։

«Դրանով մենք կբարձրացնենք Հայաստանի ունակությունը լինել առաջադեմ երկիր»,- նկատեց Էմմա Առաքելյանը։

Անդրադառնալով մտավոր սեփականության խախտման պատժամիջոցների կիրառման վերաբերյալ հարցին՝ ընկերության գործադիր տնօրենն ասաց, որ հաշվի է առնվում, թե ինչքան է օրենքի խախտումը կատարվել, օրինակ՝ որքան վնաս է պատճառվել օրինական հեղինակին և իր գյուտին, իսկ պատիժը կարող է լինել թե՛ դրամական, թե՛ կարող է հասնել բանտարկության։

«Քանի որ նորարարությունն այս դարի ամենակարևոր զարգացման ցուցանիշներից մեկն է, դրա պատճառով Հայաստանի մտավոր սեփականության պաշտպանությունը շատ կարևոր է։ Նամանավանդ, որ Հայաստանում  նորարարությունը մեծ մասշտաբներով զարգանում է»,- ընդգծեց պրոֆեսորը։

Նա ասաց, որ մեկ տարի առաջ է իրենց ընկերությունը սկսել թրեյնինգներ անց կացնել Հայաստանում և երկու տարվա մեջ զարգացումն ակնհայտ է, սակայն դեռ աշխատելու տեղ կա։