Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տուրիստական
A A
Հասարակություն

Տուրիստական կեղծ փաթեթներ է վաճառել․ քաղաքացիները փոխհատուցում են պահանջում (տեսանյութ)

Կառավարության դիմաց հավաքված մի խումբ քաղաքացիներ պահանջում էին փոխհատուցել իրենց հասցված վնասը։

Ակցիայի մասնակիցներից Լուսինե Ազատյանն «Ա1+»ը մեզ հետ զրույցում ասաց, որ «Թրավելան» տուրիստական կազմակերության հիմնադիր Աննա Սահակյանը խաբել է իրենց։

«Պատճառել է ինձ նման շատ մարդկանց նյութական և բարոյական վնաս առ այն, որ վաճառել է մեզ կեղծ տուրիստական փաթեթներ, որոնք ֆոտոշոփի արդյունք էին»,- նշեց նա։

Նրանք կառավարությունից ցանկանում են իմանալ, թե ինչպես էր կարող դատվածություն ունեցող Սահակյանը ևս մեկ անգամ բացել կազմակերպություն և կրկին զբաղվել զբոսաշրջային գործունեությամբ։ 

«Այս տարվա ապրիլին,- շարունակեց Ազատյանը,- պարզ դարձավ փաթեթների կեղծ լինելը։ Մի քանի անգամ արդեն օգտվել էինք «Թրավելան» կազմակերպությունից։ Փորձեցինք նրա միջոցով կրկին տուրիստական փաթեթ ձեռք բերել դեպի Դուբայ։ Հետո պարզվեց՝ մայիսի 1-ին պետք է թռնեինք, ապրիլին 30-ին որոշակի գրառումների և իրեն չգտնելու և որոշակի լուրերի միջոցով հասկացանք, որ ուղղակի խաբեության զոհ ենք դարձել։ Որովհետև չկար ոչ մի տուրիստական տոմս, չկար ոչ մի փաթեթ, ոչ մի ուղեգիր, և ոչ մի վաուչեր»,- մանրամասնեց քաղաքացին։

Ակցիայի մասնակիցները դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հասկանալու, թե ինչ լուծում է իրենց կարող տրամադրվել։ Լուսինե Ազատյանն ասաց նաև, որ Սահակյանը տուրիստական փաթեթների գործով այժմ կալանավորված է։ 

«Երբ որ իմանում ենք, որ ինչ-որ խաբեբա ցանկանում է գումարի դիմաց ազատ արձակվել, և նույնիսկ նրա ծնողները կտրականապես ասում են՝ «Մենք չենք պատրաստվում ոչ մեկի գումարը հետ վերադարձնել»․․․ Ու Աննա Սահակյանը, երբ որ դատի օրը ես իրեն տեսել եմ, ինքն ուղղակի ինձ ասաց՝ «Ես ոչ մեկիդ գումար չունեմ տալու»»,- նշեց նա։

Վերջինս հավելեց, որ մոտ 250 քաղաքացի է տուժել այս գործով, ընդհանուր առմամբ՝ մոտ 200 հազար դոլարի չափի վնասի մասին է խոսքը։

«Պետք է փոխհատուցի հենց պետությունը, որովհետև  տրամադրելով կնիք, կնիքի իրավունք՝ թույլ է տվել, որպեսզի վաճառի փաթեթներ, ավիատոմսեր։ Իսկ նա դրա իրավունքը չուներ, քանի որ նա ուներ տվյալ գործով դատավարություն, դեռ գործն ընթացքի մեջ էր»,- ընդգծեց Լուսինե Ազատյանը։