Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Սևանա լճի մակարդակը 5 սմ-ով բարձրացել է․ նախարար (տեսանյութ)

«Սևանից բաց է թողնվել 140 մլն խ/մ-ից մի փոքր ավել ջուր, և հավանական է որ էլ կարիք չի լինի։ Եթե կարիք էլ լինի անգամ, այն կլինի փոքր ծավալներով։ Ըստ էության, մենք ոչ միայն լրացուցիչ ջրի կարիք չունեցանք, այլ մոտ 30 մլն խորանարդ մետրով պակաս վերցրեցինք, որը մոտավորապես հավասար է այն ծավալին, ինչը անցյալ տարի ավել վերցրել էինք»,- այդ մասին կառավարության նիստի ժամանակ նշեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

«Այսինքն, այս տարի ոչ միայն ավել չենք վերցրել, այլև նախորդը կոմպենսացրել ենք»,- ասաց նա։

Նա ընդգծեց, որ այս պահին Սևանա լճի մակարդակը 5 սմ-ով բարձր է, սակայն  մակարդակը ավելի բարձր կլիներ, եթե բնակլիմայական պայմանները մոտ լինեին միջին տարեկան ցուցանիշներին։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ նշեց, որ ստացված արդյունքը նվազագույնն է և համակարգված աշխատանքի պարագայում հնարավոր է հասնել ավելի լավ ցուցանիշների։

Անդրադառնալով կապտականաչ ջրիմուռների աճի խնդրին՝ Էրիկ Գրիգորյանը նշեց, որ ըստ կանխատեսումների՝ մյուս տարի դրանց աճ է ակնկալվում։

Այդ կապակցությամբ, նրա խոսքով, հրավիրվել են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ուսումնասիրություններ են իրականացրել։

«Եվրամիությունից 5 մլն եվրոյի դրամաշնորհ նախատեսվում, որը կուղղվի Սևանի լճի մաքրման խնդիրներին։ Նաև հաստատել ենք հաջորդ տարի ափամերձ ավելի մեծ տարածքների մաքրման աշխատանքներ։ Մեր բոլոր գործողությունները ուղղված են աղտոտված ջրերի նվազեցմանը և ջրի մակարդակի բարձրացմանը»։