Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Եվրոպական բանկը նենգափոխում է Ամուլսարի մասին ԷԼԱՐԴ-ի ուսումնասիրության արդյունքները․ ՀԲՃ հայտարարությունը

Լիդիան Արմենիա ընկերությանը գովերգող լրատվամիջոցներից մեկը՝ Մեդիամաքսը, սեպտեմբերի 24-ին հրապարակել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկի հետ մի քանի նախադասություն պարունակող «բացառիկ» հարցազրույց, որում փոխնախագահն արել է ՀՀ կառավարության պատվերով «ԷԼԱՐԴ»-«ԹիԱրՍի» ընկերությունների անկախ ուսումնասիրության արդյունքներին տրամագծորեն հակասող հայտարարություն։ Նա մասնավորապես ասել է՝ «Կարծում եմ, կառավարության կողմից խոհեմ քայլ էր լրացուցիչ արտաքին ուսումնասիրություն ներգրավվելը՝ ընկերության (Լիդիանի-խմբ.) ասածների իսկությունը հաստատելու համար»։

Բանկի բարձրագույն ղեկավարության անունից նման արտահայտությունը նշանակում է կա՛մ ուղղակիորեն նենգափոխել ԷԼԱՐԴ-ԹիԱրՍի թիմի ուսումնասիրության արդյունքները և ստել կա՛մ ցուցադրել կատարյալ անտեղյակություն այդ 170 էջանոց (անգլերեն) փաստաթղթի էությունից։ Զարմանալի է, որ բանկի փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկը նման հայտարարություն է անում Հայկական բնապահպանական ճակատի՝ ներդրողներին հասցեագրված նամակը ստանալուց հետո, երբ նամակում մատնանշել էինք անկախ ուսումնասիրության հիմնական եզրակացությունը, այն է՝ Լիդիանի կատարած ՇՄԱԳ (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման) փաստաթղթերը թերի են, բացասական ազդեցությունը՝ թերհաշվարկված, ուստի անհնար է նման իրավիճակում հանքի շահագործումը համարել անվտանգ։ Նման աղաղակող թերացումը Յուրգեն Ռիգտերինկը փաստորեն համարում է Լիդիանի ասածների իսկության հաստատում։ 

ՎԶԵԲ-ի փոխնախագահը չի վարանում Մեդիամաքսի համար կրկնել Լիդիանի մատի փաթաթան դարձրած միտքը «Լիդիանի բաժնետեր հանդիսանալը նշանակում է, որ այս կազմակերպությունը համապատասխանում է և շարունակելու է համապատասխանել [բնապահպանական և սոցիալական] միջազգային չափանիշներին»։ Կրկին աններելի սուտ։ Կուզեինք մեկ անգամ տեսնել այս ֆինանսիստներին գիտնականների հետ հանդիպմանը, ինչպես օրինակ՝ ՀՀ կառավարության, «ԷԼԱՐԴ»-«ԹիԱրՍի»-ի փորձագետների և Լիդիանի տնօրինության տեսակոնֆերանսն էր, որի ժամանակ փորձագետները չէին թաքցնում իրենց զայրույթը Լիդիանի հնչեցրած անհեթեթ հայտարարությունների կապակցությամբ։

Եվրամիության անդամ պետությունների ֆինանսավորմամբ գործող բանկը հաշվետու է այդ պետությունների քաղաքացիներին։ Հիշեցնենք, որ ՎԶԵԲ-ի պատասխանատվության հարցը վերջերս բարձրացվել է նաև Եվրախորհրարանի մի շարք անդամների հետ առանձին հանդիպումների ժամանակ։ Հոկտեմբերի 1-ին Հայկական բնապահպանական ճակատը Բրյուսելում խորհրդարանականներին ներկայացրել է Ամուլսարի ծրագրի խնդիրները, անկախ փորձագետների կարծիքը և այն փաստը, որ ՎԶԵԲ-ը շարունակում է մասնակից լինել մի ծրագրի, որի տնօրինությունը մոլորեցրել է Հայաստանի կառավարությանը և հանրությանը՝ ներկայացնելով ոչ ամբողջական և բացասական ազդեցությունը թերագնահատող փաստաթղթեր։ Եվրախորհրդի անդամներին նաև ներկայացվել է հակիրճ փաստաթուղթ, որում շարադրված էր Ամուլսարի շուրջ իրավիճակի նկարագրություն, «ԷԼԱՐԴ»-«ԹիԱրՍի»-ի ուսումնասիրությունունից մեջբերումներ և ՎԶԵԲ-ից ակնկալվող քայլերը, այն է՝ կամ իր հաճախորդ Լիդիանից պահանջել նոր ՇՄԱԳ կամ ընդհանրապես հրաժարվել արժետոմսերից և դադարեցնել ֆինանսավորումը։ Փաստաթղթի անգլերեն տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ։

ՎԶԵԲ փոխնախագահի հետևյալ խոսքերից մենք եզրակացնում ենք, որ այս բանկն ուղղակի ճնշում է գործադրում մեր կառավարության վրա, որպեսզի վերջինս որոշում կայացնի հանուն շահույթ հետապնդող ընկերության «[Ամուլսարի հարցում] Որոշում կայացնելն անհրաժեշտություն է, եթե ուզում եք արտաքին ներդրողներ ներգրավեք: Նրանք պետք է զգան, որ երկրում կայուն ներդրումային մթնոլորտ է և իրենք կարող են ակնկալել կառավարության աջակցությունը»։ 

Պետք է համընդհանուր ուժերով պայքարենք հանուն ճշմարտության և թույլ չտանք, որպեսզի բանկերը տրորեն Հայաստանի ժողովրդի շահերն ու ժողովրդավարացման գործընթացը։

Ամուլսարի ծրագրում ՎԶԵԲ-ի մասնակցության և 2013թ-ից ի վեր Հայաստանից ուղարկված այլ բողոք-նամակների մասին կարդացեք նաև այստեղ, այստեղ, այստեղ և այստեղ։ 

Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն