Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Կոտայքի մարզպետարանից և ԿԳՄՍ նախարարությունից անդրադարձել են Գևորգ Հովհաննիսյանի հայտարարություններին

Հոկտեմբերի 2-ին «Ա1+»-ի հետ զրույցում «Իրավունքի սահման» ընկերության տնօրեն, իրավապաշտպան, պահեստազորի գնդապետ Գևորգ Հովհաննիսյանն ասել էր, թե Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն, օգտագործելով իր վարչական լծակները, մարզի միջնակարգ դպրոցների կառավարման խորհուրդներում ներգրավում է իր համար ցանկալի անձանց, որպեսզի վերջիններս էլ որպես տնօրեն ընտրեն իրենց համար ցանկալի անձանց։ 

Հովհաննիսյան ասել էր նաև, որ խորհրդի կազմում ընդգրկված անձանց քաղաքական պատկանելիության և կրոնական ուղղվածության վերաբերյալ լուսաբանող գրություններ է պահանջել մարզպետարանից, սակայն չի ստացել, որից և ենթադրում է, որ թե՛ կառավարման խորհրդում ընտրված անձինք, թե՛ որպես տնօրեններ ընտրված անձինք ունեն համապատասխան քաղաքական պատկանելիություն, կրոնական ուղղվածություն։

Նույն օրը նա Գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Կոտայքի մարզպետի և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի դեմ՝ պաշտոնեական դիրքերի չարաշահման ու խմբակային շահերից ելնելով օգտագործելու առերևույթ փաստերի հիման վրա։

«Ա1+»-ը մեկնաբանության համար կապ է հաստատել ԿԳՄՍ մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանի հետ։ Նա հղում է արել Հայաստանի Հանրապետության «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի ձևավորման կարգին։ 

«Ըստ խորհրդի ձևավորման կարգի` մարզային ենթակայության դպրոցներում խորհրդի 8 անդամներից 3-ին նշանակում է մարզպետը, մեկին` նախարարը: Նախարարի և մարզպետի` խորհրդի վրա ունեցած ազդեցությունը դա է»,- նշել է խոսնակը։ Նրա փոխանցմամբ՝  նշանակվող ներկայացուցչի` որևէ չափանիշի համապատասխան լինելու պահանջ դրված չէ (տարիքային, աշխատանքային և այլն), իսկ խորհուրդն աշխատում է հասարակական հիմունքներով:

Եթե նայում ենք 2010 թվականի մարտի 18-ին կարգի մասին հաստատված հրամանը, ապա նշված է, որ կարգի 5-րդ կետի համաձայն՝ Մարզային և Երևանի քաղաքապետարանի ենթակայության Հաստատություններում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարն առաջադրում է Խորհրդի մեկ անդամ։

Ըստ 7-րդ կետի՝ ՀՀ մարզային ենթակայության Հաստատություններում մարզպետն առաջադրում է Խորհրդի 3 անդամ, որից մեկին ներկայացնում է տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը:

«Ա1+»-ը թե՛ Մրգաշենի դպրոցի կառավարման խորհրդի, թե՛ Կոտայքի մարզպետի եղբոր՝ Ռ․ Պետրոսյանին վերաբերող միջադեպի կապակցությամբ (Գևորգ Հովհաննիսյանը հանցագործության մասին իր ներկայացրած հաղորդման մեջ անդրադարձել էր նաև այս միջադեպին) հարցում էր ուղարկել։ Կոտայքի մարզպետարանը պատասխանել է մեր հարցմանը։  

«Տեղեկացնում ենք, որ ինչպես նշված դպրոցի կառավարման խորհրդի ձևավորման հարցում, այնպես էլ ՀՀ Կոտայքի մարզպետարանի ենթակայության մյուս դպրոցներում՝ ՀՀ Կոտայքի մարզպետը, որպես լիազորված մարմին, գործել է իրավաչափ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010թ մարտի 18-ի N 113 –Ն  հրամանին և գործող օրենսդրությանը համապատասխան»,- նշված է պատասխանի մեջ:

Մարզպետարանից տեղեկացնում են նաև, որ «սա Հովհաննիսյանի տարածած առաջին ապատեղեկատվությունը չէ». «վերջերս Նոյան Տապանի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում Գ Հովհաննիսյանը անդրադառնալով իր և Կոտայքի մարզպետի եղբոր միջև տեղի ունեցած միջադեպին (դեպքի առթիվ քրգործ է հարուցվել) նշել էր.  «Պատահաբար հանդիպում է տեղի ունենում, որից հետո մարզպետի կողմից կիրառվում է բռնություն իմ նկատմամբ, որի հետևանքով ես ստանում եմ մարմնական վնասվածքներ»»։  

Միջադեպի մասով մարզպետարանը կրկին հիշեցրել է նախկինում իր տարածած պարզաբանումը, ըստ որի՝ Հովհաննիսյանի մեջբերած դեպքը, վստահաբար վերաբերում է իր և մարզպետի եղբոր միջև 2019-ի մայիսին տեղի ունեցած միջադեպին, որի առիթով քրեական գործ է հարուցված, որում Հովհաննիսյանը և մարզպետի եղբայրը ներգրավված են որպես կասկածյալ: 

Կոտայքի մարզպետարանը կոչ է արել «Իրավունքի սահման» ընկերության տնօրենին՝ կանխամտածված չտարածել ապատեղեկատվություն ու զերծ մնալ՝ հանրությանը մոլորության մեջ գցելուց: Մարզպետարանից հիշեցրել են նաև, որ նմանօրինակ կանխամտածված գործելաոճը կարող է հանգեցնել օրենքով սահմանված պատասխանատվության. «ինչին ձեռնամուխ լինելուց զերծ չենք մնա հաջորդ նմանատիպ փորձի պարագայում»: