Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport gimnastika (1)
A A
Սպորտ

Ամեն ինչ հաշվարկված էր. Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ՀԱՕԿ-ի լրատվականի հետ զրույցում խոսել է մեր մարզիկների ելույթների մասին Շտուտգարտում շարունակվող մարմնամարզության աշխարհի առաջնությունում։

«Արթուր Դավթյանի պարագայում ամեն ինչ հաշվարկված էր։ Երկրները, որոնք թիմային հաշվարկով արդեն ձեռք էին բերել ուղեգրեր, պայքարից դուրս էին։ Մեզ պետք էր, որ Արթուրը բազմամարտում նվաճի ուղեգիր։ Ես որոշեցի, որ պետք է շեշտը դնել ոչ թե հենացատկի, որը ավելի ռիսկային էր, այլ բազմամարտի վրա։

Քանի որ, եթե նա բազմամարտում էլ, հենացատկում էլ ուղեգիր նվաճեր, ուղեգրերից մեկը, այս դեպքում՝ բազմամարտինը, նա կորցնում էր։ Իմաստ չկար ռիսկի գնալ և բարդ ցատկ կատարել։ Այստեղ սխալի դեպքում կարող էինք կորցնել ամեն ինչ։ Ես հաշվեցի, թե ինչ միավորներ են պետք։ Արթուրը ստացավ հանձնարարությունը և հրաշալի կատարեց այն։ Ծրագրի մի մասն արդեն կատարված է։ Պետք է լավ աշխատենք և պատրաստվենք Տոկիո-2020-ին», - նշել է մասնագետը։

Խոսելով Արթուր Թովմասյանի մասին՝ Հակոբ Սերոբյանը ասել է, որ նրան պետք է հոգեբանորեն լավ տրամադրել։

«Եզրափակիչ անցած 8 մասնակիցներից երեքն արդեն ուղեգրեր ունեն։ Ինչ-որ տեղ Թովմասյանի գործն արդեն հեշտանում է։ Նա պետք է ուղեգիր չնվաճած 2 մարզիկներից առաջ անցնի և այստեղ էլ կունենանք ուղեգիր։ Սա, իհարկե, ծրագրի նվազագույն մասն է։ Իհարկե, մեդալը մեզ շատ ավելի կուրախացնի», - պարզաբանել է մարզիչը։

Հարություն Մերդինյանի մասին նա նշել է, որ 35-ամյա մարզիկը վերջինն էր ելույթ ունենում. «Ամենաբարդ ծրագիրը չի կատարել։ Այստեղ կարևոր էր, որ նա մաքուր կատարեր վարժությունը»։

Հիշեցնենք, որ Արթուր Թովմասյանն օղակների վարժությունում 8-րդ տեղով մտել է եզրափակիչ, որը կկայանա հոկտեմբերի 12-ին։