Դատարանը Միհրան Պողոսյանի նկատմամբ սանկցիա կիրառեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴատավոր Աննա Դանիեկյանին փաստաբան Հայկ Ալումյանի կողմից բացարկի միջնորդություն ներկայացնելուց հետո միջնորդությանը միացան նաև Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի փաստաբանները։
Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը կարծում է, որ դատավոր Աննա Դանիբեկյանի` «Մարտի 1»-ի գործով խախտումները վերջնակետ կունենան, սակայն իր սպասելիքները չարդարացան։
Ըստ Միհրան Պողոսյանի՝ դատարանը կանխակալ բացասական վերաբերմունք ունի նաև իր պաշտպանյալ Յուրի Խաչատուրովի նկատմամբ։
«Դուք 2019 թ․ սեպտեմբերի 2-ին արձանագրել եք, որ դատարանը գտնում է, որ մինչդատական վարույթի ընթացքում նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցի տեսակը, գրավը հիմնավոր է, խափանման միջոց կիրառելու հիմքերն ու պայմանները շարունակում են առկա լինել։ Դուք Յուրի Խաչատուրովի և ինձ համար չեք բացահայտել խափանման միջոց կիրառելու պայմանները, այն պարագայում, երբ որ արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել էր, որ առաջադրված մեղադրանքում խափանման միջոցի պայմանը բացակայում է։ Մենք գտնում ենք, որ դուք թույլ եք տվել Յուրի Խաչատուրովի իրավունքների խախտում»,- ասաց Միհրան Պողոսյանը։
Փաստաբանը երկար է մտածել բացարկի միջնորդության հիմքերը ներկայացնելուց առաջ։
«Մտածում էի, որ բացարկի միջնորդություն հայտնելու համար Ձեզ դրամական փոխհատուցում առաջարկեմ, քանի որ առկա իրողությունների շրջանակում ՀՀ-ում կարծես թե նորմալ է գնահատվում, երբ որ դատավորի կողմից չպաշտոնավարելու համար դրամական փոխհատուցում են առաջարկում։ Հիմքը Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի անցնելու մասին նախագիծն է․․․․»,- ասաց Միհրան Պողոսյանը։
Փաստաբանի այս խոսքերը լսելուն պես՝ դատավոր Աննա Դանիբեկյանը չթույլատրեց նրան շարունակել ելույթը։
«Դատարանը արձանագրում է, որ հայտարարությունը պարունակում է անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ, որի կապակցությամբ դատարանը որոշեց կիրառել դատական սանկցիա՝ նկատողություն»,- հայտարարեց Աննա Դանիբեկյանը։