Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 6-ը հոկտեմբերի. Վանո Սիրադեղյան. «Վազգեն Սարգսյանից կմնա կամուֆլյաժը» (տեսանյութ)

1997-ի հոկտեմբերի 6-ին Հայաստանում եւ նույնիսկ Անդրկովկասի տարածքում առաջին անգամ շուրջօրյա հեռարձակում է սկսում «Ա1+» հեռուստաընկերությունը։

Նույն օրն Ազգային Ժողովն ընդունում է «Լեզվի մասին» օրենքը, որով 3500 դոլար տուգանք է նախատեսվում այն դպրոցների կամ ուսուցիչների համար, որոնք իրենց առարկան կդասավանդեն օտար լեզվով։ Այս օրենքով Հայաստանի տարածքում հայերեն կրթությունը դառնում է պարտադիր։

Դժգոհող մարդը Երեւանի պոմպերի գործարանի աշխատակից է, որը 1998-ի հոկտեմբերի 6-ի դրությամբ 18 ամիս աշխատավարձ չի ստացել ։ Կոլեկտիվը դիմել է կառավարությանը՝ մեզ մարդատեղ դրեք։ Գործարանի տնօրենը կոլեկտիվի հետ է՝ կառավարությունն իրենց ծրագրերը չի հաստատում։  

1998-ի այս օրը պատգամավոր Վանո Սիրադեղյանը հայտարարում է, որ Ռոբերտ Քոչարյանը հանգիստ կարող է ցրել Ազգային Ժողովը, քանի որ այնտեղ քաղաքական հենարան չունի։ Մինչ այդ իշխանությունը խորհրդարանին հաղորդում է հանցագործների խմբի իմիջ, որպեսզի կարողանա ցրել այն։

2000 թվականի այս օրը մարզային հանդիպումների մեկնած Արտաշես Գեղամյանին նրա կուսակցության անդամներն ուղղում են մեկ հարց՝ ինչու՞ է Գեղամյանը հանգստացնում ժողովրդին եւ խուսափում հեղափոխական կոչեր անել։ Հոկտեմբերի 27-ի գործով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը 2001-ի հոկտեմբերի 6-ին հավաքվել է հասկանալու, թե նախաքննության ընթացքում ինչպե՞ս եւ ինչու՞ է իր խցում էլեկտրահարումից մահացել այս գործով կասկածյալ Նորայր Եղիազարյանը։ Մի քանի օր առաջ ընդդիմությունը եղել է հանգուցյալի խցում եւ համոզվել՝ ինչ-որ բան այն չէ։

Նույն օրը Էրեբունի համայնքում Երեւանը նշում է ծննդյան 2783-րդ ամյակը: Միջոցառումը բազմամարդ չէ։ Տոնակատարության համար արված ծախսերը աղքատ երկրում միանշանակ չեն ընդունվում։ Թաղապետ Մհեր Սեդրակյանը համաձայն չէ։

Նույն օրն Ազատության հրապարակում տապալվում է րոպեավճարի դեմ հրավիրած հանրահավաքը։ Կազմակերպիչներն այս հանրահավաքով ուզում էին ազդել Ազգային Ժողովում րոպեավճարն արգելող օրենքի վրա։ Ով որ դեմ կքվեարկի այդ օրենքին, ըստ Արշակ Սադոյանի, դավաճան է։ Ի դեպ նույն հանրահավաքում Սադոյանը ժողովրդին է բաժանում պատգամավորների տնային հեռախոսահամարները։ Պահանջարկը մեծ է։

Ռոբերտ Քոչարյանին ընդդիմադիր ՀԺԿ-ն եւ Հանրապետությունը Հայաստանի մարզերում պատճառաբանում են, թե ինչու պետք է հրաժարական տա նախագահը՝ մարդը 40 հազար աշխատատեղ էր խոստացել, չարեց։ Սպանեց Պողոս Պողոսյանին։ Սակայն ըստ ընդդիմության, Քոչարյանին հեռացնելու համար մեծ է ժողովրդի դերը։

2001-ի այս օրը իրեն հրաժարականի մղելու ընդդիմության պահանջը նախագահ Ռոբերտ Քոչարյանը ծաղրում է։ Ընդդիմադիրներին նա համարում է ոչ հասուն քաղաքական դաշտի ներկայացուցիչ։ Ինքն արդեն հրաժարականի պահանջների մասով իմունիտետ է ձեռք բերել, ով տեղից վեր է կենում, իր հրաժարականն է պահանջում։ Ոչ ոք համբերություն չունի։ Ի դեպ, նույն ասուլիսում Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ անդարադառնում է «Առագաստ» սրճարանի զուգարանում Պողոս պողոսյանի սպանության դեպքին ։ Նա ընդունում է, որ դրան մասնակից են իր անվտանգության ծառայության աշխատակիցները։

2009-ի հոկտեմբերի 6-ին «Միացում» ազգային նախաձեռնությունը Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ փորձում է այրել հայ-թուրքական երկխոսություն նախաձեռնած Սերժ Սարգսյանի լուսանկարը։ Օսիպյանն ու Ռոբերտ Մելքոնյանը զգոն են։