Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-QV2h2547Jx
A A
Հասարակություն

Կրակոցներ Վանաձորում․ կա 3 զոհ և 5 վիրավոր

   ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում Վանաձոր քաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձ ձերբակալվել է:

        Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հոկտեմբերի 4-ին՝ ժամը 23:55-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել որ, Վանաձոր քաղաքի Միչուրինի փողոցի տներից մեկում բժիշկների հերթապահ խումբ է մեկնել, որտեղ հայտնաբերվել են երկու երիտասարդի դի: Հայտնել են նաև, որ մարմնական տարբեր վնասվածքներով Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխել մի քանի երիտասարդ:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Վանաձոր քաղաքի Միչուրինի փողոցի տներից մեկի նկուղում հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է 1989 թվականին ծնված երկու երիտասարդի դի:

        Նույն հասցեից Լոռու մարզի 6 բնակիչներ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Նրանցից մեկը՝ 1994 թվականին ծնված երիտասարդը, մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

          Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2 մասի 1-ին կետով, և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

           Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել նմուշներ: Հայտնաբերվել են «Մակարով» տեսակի ատրճանակ, 5,45մմ 6 պարկուճ, 2 գնդակ/, 9մմ 4 պարկուճ և 2 գնդակ, 9մմ գազային փամփուշտ և նույնատիպ 2 փամփուշտներ՝ պահունակի մեջ: Հայտնաբերվել են դանակներ, կանեփ բույսի նմանվող չորացված զանգված:

          Առգրավվել են մահացածների հագին դեպքի պահին եղած հագուստները, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր: Վերցվել են կրակոցի արգասիքի նմուշներ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

     Քրեական գործի շրջանակներում սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Վանաձոր քաղաքի 1979 թվականին ծնված բնակիչը, ով տվել է ինքնախոստովանական ցուցմունք:

       Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների գործողություններն անհատականացնելու և նրանցիցի յուրաքանչյուրի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:                                                             

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին