Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 5-ը հոկտեմբերի. Ինչպե՞ս իրեն կպահի ՌԴ-ն, եթե Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հարձակվի Հայաստանի վրա (տեսանյութ)

1996-ի հոկտեմբերի 5-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը դառնում է առաջին շենքը Հայաստանում, որտեղ շարժական դժվարություններ ունեցողները կարող են մտնել թեքահարթակի օգնությամբ։

1998-ի այս օրը Ազգային Ժողովի արտահերթ նիստում շարունակվում են սեփականաշնորհման ցուցակից 4 ձեռնարկություն հանելու մասին քննարկումները։ Պատգամավորներն ուզում են, որ օրենքով ցուցակից հանվի հատկապես կոնյակի գործարանը։

1999-ի հոկտեմբերի 5-ին վարչապետ Վազգեն Սարգսյանը կառավարությունում լրագրողներին ներկայացնում է Ամերիկայում ունեցած իր տպավորիչ եւ ինչ-որ իմաստով տխուր հանդիպումները։ Ինքը վշտացած է, որ հետխորհրդային երկրներում Հայաստանը առաջին տեղն է զբաղեցնում ստացած մարդասիրական օգնության չափով եւ վերջին տեղը՝ ներդրումների ծավալով։ Վարչապետն Ամերիկայում պայմանավորվել է, որ 2000 թվականին որպես բյուջետային վարկ Հայաստանը կստանա 25 միլիոն դոլար։

2000 թվականի այս օրը կրթության եւ գիտության նախարարը հայտարարում է, որ հայաստանյան դպրոցների հազարից ավելի ուսուցիչներ չունեն բարձրագույն մասնագիտական կրթություն։ Սիլվա Կապուտիկյանը սրա համար մեղադրում է նախորդ իշխանություններին։ Դասականը կրթության խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ ներողություն է խնդրում միջոցառմանը ներկա Ռուսաստանի Դաշնության դեսպան Անատոլի Դրյուկովից՝ Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք ռուսաց լեզվի կրած հալածանքների համար։

Նույն օրը նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երեւանի բժշկական համալսարանում է։ Ռեկտորը շնորհակալ է այս այցելությունից։ Ռոբերտ Քոչարյանը լավ գիտի, թե ինչու է մասնակցում այս համալսարանի 50- ամյակին։ Աշոտ Բլեյանի մեկուկես տարի դռնբաց ընթացող դատական նիստը դատավոր Իսկուհի Վարդանյանի որոշմամբ ընթանում է դռնփակ։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչները զայրացած են, նրանք «մահ կամ ազատություն» կարգախոսով փորձում են գրոհել ոստիկանների պատնեշը։

 2001-ի հոկտեմբերի 5-ին Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Անատոլի Կվաշնինը Հայաստանում պատասխանում է այն հարցին, թե ինչպե՞ս իրեն կպահի Ռուսաստանը, եթե Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հարձակվի Հայաստանի վրա։ Կվաշնինն այս հարցից տեղը չի գտնում։

Հայկական ավիաուղիներին պատկանող Ան-24 օդանավի անձնակազմը Սիբիրավիա ընկերության Տու-154 ինքնաթիռի օդում տեղի ունեցած պայթյունի միակ վկան է։ Մեր օդաչուներին արգելված է լրագրողներին որեւէ տեղեկություն հայտնել իրենց տեսածի մասին։ Նախնական վարկածներից ամենահավանականը Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերի զորավարժությունների ժամանակ արձակված հրթիռն է։

Լոս Անջելես այցելած Սերժ Սարգսյանը 2009-ի հոկտեմբերի 4-ին «Հիլթոն» հյուրանոցում տեղացի հայերին փորձում է ներկայացնել հայ-թուրքական արձանագրությունների առավելությունները։ Հյուրանոցի դիմաց հավաքված սփյուռքահայերը կտրականապես դեմ են երկխոսությանը։