Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Վստահ եմ, որ կարող ենք հաղթահարել աղքատությունը, ինչպես հաղթահարել ենք հուսալքությունը. Զարուհի Բաթոյան

«Ես երազում եմ այն օրվա մասին, երբ որևէ ընտանիք բարեգործական որևէ կազմակերպության կարիք չի ունենա և պետական ինստիտուտները, մեխանիզմները կգործեն այնպես հստակ, որ բարեգործական կազմակերպությունները իրենց ռեսուրսները կուղղեն բացառապես զարգացման ծրագրերին», - ասել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Հայաստանի ազգային պատկերասրահում «Վորլդ Վիժն» Հայաստանի 30-ամյա տարեդարձի տոնական միջոցառմանը:

Իր խոսքում, նա նաև նշել է, որ մոտ մեկ տարի  առաջ, երբ հանդիպել էր «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության Հայաստանի ծրագրերի տնօրեն Ժիրայր Էդիլյանի հետ, աղոտ էր պատկերացնում, թե ինչով է զբաղվում «Վորլդ Վիժնը» Հայաստանում, բայց կանխազգում էր, որ կազմակերպության բազմամյա փորձը հումինիտար գործունեության ասպարեզում, չի կարող օգտակար չլինել առաջին քայլերն անող «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը հաստատուն ռելսերի վրա դնելուն:

«Մեր այն ժամանակ փոքր թիմը մոլորվել էր հարյուրավոր քաղաքացիներից ստացված բազմաբնույթ նամակ խնդրանքների հորձանուտում և մեր համագործակցությունը չափազանց տեղին էր: Մեր մոտեցումները հիմնական հարցերում համընկնում են: Հիմնադրամը ևս որդեգրել է բարեգործության նոր մշակույթ՝ հանդես գալ ոչ թե որպես օգնություն բաժանող, այլ կանգնելով առավել խոցելի ընտանիքների կողքին, օգնել նրանց կանգնելու սեփական ոտքերի վրա»: 

Միջոցառմանը ներկա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար տիկին Զարուհի Բաթոյանը իր խոսքում նշեց, որ իր ծանոթությունը կապված է պատանեկության հուշերի հետ, երբ աշխատում էր «Հույսի կամուրջ» կազմակերպությում և լսել է «Վորլդ Վիժն»-ի մասին, որպես առաջին ներառական մանկապարտեզները ստեղծող կազմակերպություն:

«Որախ եմ, որ որպես ոլորտի պատասխանատու, կարող եմ այս կազմակերպության լավագույն փորձը կիրառելու նաև պետական քաղաքականությունը մշակելիս և իրականացնելիս: Ես վստահ եմ, որ մենք բոլորս միասին կարող ենք հաղթահարել աղքատությունը, ինչպես հաղթահարել ենք հուսալքությունը»,- ասաց տիկին Բաթոյանը: