Բրդի արժեշղթայում ձևավորվող ՓՄՁ-ներին տրամադրվել է դրամաշնորհ 31 միլիոն դրամի չափով
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 4-ին Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող և «Մարդը կարիքի մեջ» չեխական կազմակերպության կողմից իրականացվող «ԵՄ-ն Շիրակի մարզի համար. նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի շրջանակում փոքր ու միջին 4 ձեռնարկություն ստացել են դրամաշնորհ՝ բրդի արժեշղթայում գործունեություն ծավալելու համար: Դրամաշնորհի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 31 միլիոն դրամ, ստեղծվող աշխատատեղերի թիվը՝ 24։
Բրդի արժեշղթայում ձևավորվող ՓՄՁ-ները ստեղծելու են բրդյա տարբեր արտադրանք՝ հագուստ, ծածկոցներ, բարձ, պայուսակներ և այլ աքսեսուարներ, որոնց արտադրության համար անհրաժեշտ թելերը, բուրդն ու թաղիքը ձեռք կբերեն ծրագրի շրջանակում ստեղծված Ամասիայի բրդի գործարանից։
Նշենք, որ Ամասիա համայնքում ոչխարի բուրդն ունի բացառիկ գունային երանգավորում, ինչը բավականին հարմար է կարպետագործության, գորգագործության և գործվածքի արտադրության համար՝ առանց քիմիական ներկանյութերի կիրառման։
«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Վարդուհի Դադունցը շնորհավորել է նորաստեղծ ընկերություններին հիմնադրման և ներդրումներ ստանալու համար և հույս է հայտնել, որ ստեղծվող ձեռնարկությունները հնարավորինս արագ կընդլայնեն իրենց գործունեությունը և կստեղծեն ինքնատիպ ու նորաձև արտադրանք ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայում սպառման համար:
ԵՄ համաֆինանսավորմամբ եւ ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն, «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամի, Շիրակի մարզի առեւտրարդյունաբերական պալատի եւ Ամասիայի համայնքապետարանի հետ համատեղ 2018 թ․ մարտ ամսից մեկնարկել են «ԵՄ-ն Շիրակի մարզի համար. նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության» ծրագիրը, որն ուղղված է Շիրակի մարզում բրդի արժեշղթայի զարգացմանն ու մոդերնիզացիային՝ ստեղծելով ոչխարաբուծությունից մինչև բրդյա թելի և ապրանքների արտադրության առաջխաղացման հնարավորություն։
Շուշանիկ Ներսեսյան
«Մարդը կարիքի մեջ» ՀԿ
Մեդիա և հաղորդակցությունների պատասխանատու