Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Աղբահանության հարցը չի լուծվի, մինչև չունենանք պատշաճ աղբավայր. Թեհմինա Վարդանյան (տեսանյութ)

«Աղբը մաքրման հետ կապված խնդիրները քննարկելիս արդիական էր այն հարցը, թե ինչու քաղաքապետը չի խզում «Սանիթեքի» հետ  պայմանագիրը, եթե այն տարիներ շարունակ ոչ թե լուծում է, այլ նոր խնդիրներ է ստեղծում»․ անդրադառնալով քաղաքապետ Հայկ Մարությանի՝ «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրերը խզելու երեկվա հայտարարությանը՝ նշեց քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«2015-ից սկսած՝ կային որոշակի խնդիրներ, որոնց պարբերականությունը գնալով աճեց, իսկ 2018-ից ավելի ահագնացան։ Այս բոլոր հանգամանքները  քաղաքապետին հուշեցին, որ պետք է գույքագրել և ուսումնասիրել այն խնդիրները, որոնք կային և՛ իրավապայմանագրային դաշտում, և՛ փաստացի: Այս ընթացքում գույքագրվեցին «Սանիթեք»-ի փաստացի առկա տեխնիկական միջոցները և աշխատանքի կազմակերպման համար անհրաժեշտ այլ գույքը, և ուսումնասիրվեց իրավական բազան։ Դրա արդյունքում մենք ունենք մի քանի օր առաջ հարուցված գործը դատախազությունում՝ քաղաքապետարանի տված տվյալների վրա։ Քաղաքապետարանը ունի համոզմունք և վստահ է, որ կատարված գործողությունները ոչ միայն համայնքի շահերից են բխում, այլև բխում են օրինականության և իրավունքի տառից ու ոգուց»,- նշեց Հակոբ Կարապետյանը։

Հակոբ Կարապետյանը նշեց, որ դեռևս երկրորդ օպերատոր ներգրավելու քննարկում չկա, բայց չի բացառվում երկրորդ, երրորդ օպերատորների ներգրավումը, որոշումները, ըստ նրա,  թելադրվում են՝ տվյալ իրողությունից ելնելով։

«Քաղաքապետի փաստարկն էր, որ համայնքը պետք է ունենա բավարար ռեսուրս՝ աղբային կոլապսից քաղաքը զերծ պահելու համար։ Այդ է պատճառը, որ ձեռք բերվեց շուրջ 50 ավտոմեքենա, մի քանի հազար աղբամաններ, և հավաքագրվեցին աշխատակիցներ»։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալյանն, անդրադառնալով «Սանիթեք»-ի՝ արբիտրաժային դատարան դիմելու խոսակցություններին, նշեց, որ կանխատեսումներ անելը ճիշտ չի լինի, քանի որ դա այն ատյանն է, որ հնարավոր չէ կանխորոշել ելքերը։ Իսկ տրամաբանության տեսակետից, ըստ նրա, «Սանիթեքը» իրավական և ֆինանսական հիմք չունի։

«Եթե չի կարողանում ներդրումներ իրականացնել և խնդիրը լուծել, ինչպե՞ս է կարողանալու մի քանի միլիոն ծախսի՝ արբիտրաժային դատարան դիմելու համար»։

«Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն էլ նշեց, որ աղբահանության հարցը համակարգային չի լուծվել և չի լուծվի այնքան ժամանակ, մինչև չունենանք պատշաճ աղբավայր․

 «Նույն քաղաքապետարանի աղբահանության մեքենաները գնալու են և աղբավայրի ճանապարհին ջարդուխուրդ լինեն։ Երկու տարի հետո կունենանք ջարդված և վնասված բազմաթիվ մեքենաներ և աղբամաններ, պետք է լինի թափոնների կառավարման կենտրոն, պետք է աղբավայրը պատշաճ վիճակում լինի, քաղաքապետարանի հաջորդ քայլը դա պետք է լինի, այլապես երկու տարի հետո կունենանք այն խնդիրները, որոնք ունեցավ նախորդ օպերատորը»,- ասաց նա։

Անդրադառնալով այն մտահոգություններին, որ հնարավոր է լինեն գնային փոփոխություններ՝ Հակոբ կարապետյանը պատասխանեց, որ չեն լինի։

Եվ տեղեկացրեց, որ Աժ-ին քաղաքապետարանը օրենքի նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է աղբահանության համար առաջարկվող գումարը գանձել հենց ապրանքներ ներմուծողներից՝ «բերված ապրանքը առաջացնում է աղբ» սկզբունքով։