Բացել լրահոսը Փակել լրահոսը
71645679_247831726125212_8305856134963527680_n
A A
Հասարակություն

Ադրբեջանը չի ուզում հակամարտության խաղաղ հանգուցալուծում. Ռուբինյանը՝ Ալիևի հայտարարության մասին

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին նախագծի քվեարկությանը մասնակցելու համար ԵԽԽՎ-ից վերադարձել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները:

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ դեռ իրենց մեկնելուց առաջ որոշում կար, որ իրենք վերադառնալու են շուտ:

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանից լրագրողները հետաքրքվեցին նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության վերաբերյալ, թե «Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ»՝ ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսին Ստեփանակերտում արված հայտարարությանը՝ «Արցախը Հայաստան է և վերջ»:

«Կարծում եմ՝ պարոն Ալիևի պատասխանը ևս մի անգամ ապացուցում է, որ ի տարբերություն հայկական կողմի, կառուցողական չէ և ըստ էության չի ուզում հակամարտության խաղաղ հանգուցալուծում, որովհետև ինչ էր վարչապետի ասածը՝ կա հակամարտություն և այդ հակամարտությունը կարող է ունենալ միայն խաղաղ հանգուցալուծում, և եթե մենք ուզում ենք հասնել այդ խաղաղ հանգուցալուծմանը։ Անհրաժեշտ է՝ թե՛ Հայաստանի ժողովուրդը, թե՛ Արցախի ժողովուրդը, թե՛ Ադրբեջանի ժողովուրդը համաձայն լինեն այդ հանգուցալուծմանը: Նա ակնկալում էր, որ մյուս կողմը նույնպես ընդունի այս փաստը, իսկ Ալիևի պատասխանը ցույց է տալիս, որ նա չի ընդունում այդ բանաձևը, հետևաբար՝ չի ուզում հակամարտության խաղաղ հանգուցալուծումը»:

Ինչ վերաբերում է սահմանին կրկին զոհ ունենալուն՝ Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ դա վկայում է այն մասին, որ կա բանաձև, որն ուղղված է խաղաղ հանգուցալուծմանը, բայց Ադրբեջանը չի ընդունում այդ բանաձևը և շարունակում է ռազմատենչ և ագրեսիվ գործողությունները: