Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_1063
A A
Հասարակություն

Ավտոներկրողներն ակցիա են անում կառավարության դիմաց (տեսանյութ)

Ավտոներկրողները հավաքվել են կառավարության շենքի առջև։ Նրանք կոչ էին անում կառավարությանը չհաստատել ավտոներկման հետ կապված որոշման փոփոխությունը։

Ակցիայի մասնակից, ավտոներկրող Գոռ Հարությունյանն ասաց, որ եթե կառավարության՝ ավտոներկրման վերաբերյալ  որոշման փոփոխությունը ուժի մեջ մտնի, ապա տրանսպորտային միջոցների հաշվառումները հնարավոր կլինի կատարել միայն պետռեգիստրում հաշվառված անձանց վրա։

«Այսինքն՝ այլ պետությունից, որ գալիս են այստեղ մեքենա գնելու, պետք է գնան Անձնագրային  և վիզաների վարչություն, հաշվառվեն պետռեգիստրում, նոր կարողանան տրանսպորտային միջոցները հաշվառել իրենց անուններով»,- պարզաբանեց Հարությունյանը։

Նախկինում, ըստ նրա, այսպիսի պահանջ չի եղել․ 

«Այսինքն՝ այն քաղաքացիները, որոնք Ռուսաստանից են գալիս, Ղազախստանից են գալիս, հյուրանոցում բնակության վայրի տեղեկանք են վերցնում և այդ տեղեկանքով կարողանում են այդ տրանսպորտային միջոցները հաշվառել իրենց անուններով ու շատ հանգիստ տանում են Ռուսաստան, Ղազախստան և այլ պետություն»։

Իսկ թե ինչ խնդիր է սա կարող առաջացնել, նա պատասխանեց, որ Հայաստանում կա 100 հազար մեքենա և նախատեսվում է ներմուծել ևս 50 հազարը։ 150 հազար մեքենան, շարունակեց նա, նախատեսված է ռուսական շուկայի համար։ «Եթե կառավարության այս որոշումն ուժի մեջ մտնի, զրկվենք Ռուսաստան տրանսպորտային միջոցներ արտահանելու  իրավունքից»,- ընդգծեց նա։  

Համաձայն այդ փոփոխության՝  օտարերկրյա քաղաքացին, որպեսզի կարողանա Հայաստան ներկված մեքենա գնել, պետք է Հանրապետության պետռեգիատրում գրանցում ստանա՝ ձեռք բերելով կացության իրավունք։

Սա, ըստ ավտոներկրողների, լուրջ հարված կհասցնի իրենց սոցիալական վիճակին ու աշխատանքին, թե՛ մեքենաների վաճառքին։ Նրանք դիմում էին կառավարությանը մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը թողնել նախկին ձևով՝ մինչ մեքենաները կվաճառվեն։

Ակցիայի ընթացքում ցուցարներին մոտեցավ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացող Լիտվայի ներկայացուցիչը։ Վերջինս հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են հավաքվել կառավարության շենքի առջև։ Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը ներկայացրեց խնդիրը, իսկ Լիտվայի ներկայացուցիչը խոստացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացնել այն։ 

Ավտոներկրողները հանդիպում էին պահանջում կառավարության որևէ ներկայացուցչի հետ։ Քիչ առաջ Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանին հրավիրեցին կառավարության շենք։ 

Ավելի ուշ Ավտոներկրողների միության նախագահը դուրս եկավ կառավարության շենքից ու լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանին։ Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ Սարգսյանն իրեն փոխանցել է, թե մինչև հուլիսի 1-ն ավտոներկրողները հնարավորություն կունենան մաքսազերծված մեքենաների վաճառքն իրականացնել։ Փաշինյանը, ըստ նրա, պետք է դիմի ԵԱՏՄ մյուս պետությունների ղեկավարներին ժամկետ երկարաձգելու համար, որպեսզի հավաքված մեքենաները վաճառքն իրականացնեն։