Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դպրոցը լուծարվելու է

Մարզեր

Գյումրու թիվ 23 դպրոցը լուծարվելու է 2010թ-ի օգոստոսի 1-ից: Կրթության ու գիտության նախարարությունից նման պատասխան են ստացել աշակերտների ծնողները:

55 տարվա պատմություն ունեցող թիվ 23 դպրոցը բազմաթիվ նվաճումներ է ունեցել, տարբեր օլիմպիադաներում հաղթողներ ունեցել: Կրթության ու գիտության նախարարությունն էլ ծնողների դիմումին պատասխան է ուղարկել, որ դպրոցը լուծարվելու է, քանզի ՀՀ տարածքում ՌԴ 102-րդ ռազմակայանի զինծառայողների երեխաների ուսուցումը կազմակերպելու նպատակով դեռ 1994-ին կառավաարությունը որոշել է՝ թիվ 23 դպրոցի երկու մասնաշենքերը միջանկյալ շինություններով ու հարակից տարածքով փոխանցել ՌԴ զինված ուժերին:

Շիրակի մարզպետը հավաստում է՝ դպրոցի լուծարումը նախատեսված էր դեռ այս տարի, միայն իր միջամտությամբ է ժամկետների փոփոխություն եղել, ամեն դեպքում դպրոցի մասնաշենքերը հանձնվելու են ռուսական կողմին: Նա նշում է, որ դպրոցի համար շինություն չկա, իսկ ուսուցիչներին ու աշակերտներին պետք է ընդունել այլ կրթօջախներ:

Դպրոցում աշխատանքներն այժմ նորմալ ընթացքի մեջ են, - ասում է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հերմինե Թադեւոսյանը: Չնախատեսված արձակուրդն անգամ չի խանգարել ուսուցիչներին աշխատանքի գալ եւ կարգավորել կիսատ թողած գործերը:

Դպրոցն ունի 466 աշակերտ, 60 մանկավարժ ու 21 վարչական աշխատող: Նրանց հետագա ճակատագրով մտահոգված են պատասխանատու բոլոր կողմերը: Շիրակի մարզպետը նոր մասնաշենքի տրամադրումը բացառում է, փոխարենն առաջարկում այլընտրանք, երեխաներին տեղավորել թերբեռնված դպրոցներում, եթե նրանք իհարկե կնախընտրեն այդ տարբերակը:

Թե որ դպրոց կհաճախի երեխան ընտրելու է ծնողը, ինչ վերաբերում է ուսուցիչներին աշխատանքով ապահովելու խնդրին, Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը վստահեցնում է որեւէ մեկն աշխատանքը չի կորցնելու, թեկուզ միայն այն պատճառով, որ դպրոցների ֆինանսավորումը կատարվում է աշակերտ թվով, իսկ աշակերտները կտեղափոխվեն այլ դպրոցներ ու ոչ թե այլեւս դպրոց չեն հաճախելու: Թե որքանով այս փաստարկն իրական կլինի, առայժմ ժամանակի հարց է, ամեն ինչ ավելի պարզ կդառնա երկրորդ կիսամյակի ավարտին:


Գյումրիի «Ցայգ» ՀԸ