Ջերմուկցիները պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի վերաբերյալ ՇՄԱԳ-ը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ջերմուկցիներն ընդդեմ Շրջակա միջավայրի նախարարության» գործով նախնական դատական նիստը, դատավոր Արծրուն Միրզոյանի նախագահությամբ, հետաձգվեց մինչև հոկտեմբերի 17-ը։
Հետաձգման պատճառը պատասխանող կողմի պնդումն էր, թե դատարանին ներկայացված հայցի լրացումն իրենք ուշ են ստացել, և իրենց հավելյալ ժամանակ է հարկավոր՝ նիստին պատրաստվելու համար։
Ջերմուկցիների փաստաբան Նազենի Վարդանյանը կարծում է, որ այս քայլով պատասխանող կողմն ընդամենը ժամանակ է շահում։
«Զարմանալի է, որ ասում են, թե մենք ծանոթ չենք, որովհետև այդ փաստաթղթերն իրենց ստեղծած, իրենց պատվիրած փաստաթղթերն են։ Պարզ է, որ ծանոթ են, և իրենց նպատակը ձգձգելն է, մինչև տեսնեն՝ ինչ է կատարվում, բայց չեմ կարծում, թե դա փրկում է իրավիճակը»։
Նազենի Վարդանյանը նաև պատրաստվում է հայցի ապահովման միջնորդություն ներկայացնել՝ պահանջելով թույլ չտալ «Լիդիանին» հանքի տարածքում գործունեություն ծավալել։ Ասում է՝ չնայած նրան, որ հիմա էլ աշխատանքներ չեն տարվում, այնուամենայնիվ իրենց փաստաթղթային հիմնավորում է հարկավոր դրա համար։
Ջերմուկի շուրջ երկու տասնյակ բնակիչներ հայցադիմում են ներկայացրել, նրանք դատարանից պահանջում են պատասխանող կողմին պարտավորեցնել ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքաարդյունաբերական համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի ազդեցության պետական փորձաքննության եզրակացությունը և ՀՀ բնապահպանության նախարարի 2016 թ․ապրիլի 29-ի՝ դրա հաստատումը։