Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Կայացավ Ֆրանսիական Օձի՝ Յուրի Ջորկաեֆֆի գրքի շնորհանդեսը (տեսանյութ)

Երևանի «Հոլիդեյ ինն էքսփրեսս» հյուրանոցում կայացավ «Snake. ֆրանսիական ֆուտբոլի օձը» գրքի շնորհանդեսը։ «Նյումեգ» հրատարակչական ընկերությունը հրատարակել է սպորտային բեսթսելլերի հայերեն թարգմանությունը, որը գրքի՝ այլ լեզվով թարգմանության, առաջին տարբերակն է։ Այն հայկական ծագմամբ ֆրանսիացի ֆուտբոլիստ, Ֆրանսիայի ազգային հավաքականի, ֆրանսիական Մոնակո, իտալական Ինտեր, և այլ ակումբների հարձակողական ոճի լեգենդար կիսապաշտպան Յուրի Ջորկաեֆի մասին է։ Ջորկաեֆը գիրքը գրել է ֆրանսիացի սպորտային լրագրող Առնո Ռամսեի հետ: Գրքում կիսապաշտպանն անդրադառնում է իր կարիերայի սկզբին, Եվրոպա տեղափոխվելուն, կյանքի հիշարժան դրվագներին, իր ծագմանը և այլն։ Հայերեն հրատարակության նախաբանի հեղինակը ֆրանսահայ մարզական լրագրող Ահարոն Բոյաջյանն է։ Միջոցառմանը մասնակցում էին նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը, «Նյումեգ»-ի գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը և այլք։ Մինչ բուն միջոցառումը սկսելը՝ ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին Ֆրանսիայի 22-րդ նախագահ, սեպտեմբերի 26-ին մահացած Ժակ Շիրակի հիշատակը։ Այնուհետև ելույթով հանդես եկավ Ջոնաթան Լաքոթը։ «Նախ ասեմ, որ շատ հուզված եմ այն հարգանքի տուրքով, որ նրան մատուցեցիք։ Որը Հայաստանը հինգշաբթիից սկսած մատուցում է Ժակ Շիրակի հիշատակին։ Նա իրոք Հայաստանի անկեղծ ընկերն էր», - նշեց դեսպանը։ Լաքոթն ընդգծեց, որ նա Հայաստան պետական այցով այցելած Ֆրանսիայի առաջին նախագահն էր և հենց նրա նախագահության օրոք 2001 թվականին ստորագրվեց մի օրենք, որով Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Խոսելով Յուրի Ջորկաեֆի մասին՝ դեսպանն ասաց, որ նա աշխարհի չեմպիոն է, մարդ, որն արժանացել է ֆրանսիական Պատվո Լեգեոնի շքանշանի ու ևս մեկ օրինակ, որ կապում է Հայաստանը և Ֆրանսիան։ «Ինքս գիրքը դեռ չեմ կարդացել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Նյումեգ» հրատարակչությանը», - նշեց դեսպանը։ Ելույթին հաջորդեց Առնո Ռամզեի տեսաուղերձը։ «Յուրին մեծ մարդ է, արտիստ կյանքում և խաղադաշտում։ Ես ձեզ մաղթում եմ հաճելի ընթերցանություն»,- ասվում էր տեսաուղերձում։ Գրքի թարգմանիչ Անահիտ Մեսրոպյանի խոսքով՝ գիրքը թարգմանելիս բացահայտել է փորձությունների և արկածների միջով իր ճանապարհը հարթող մարզիկի և մարդու կայացման դժվարին ընթացքը։ «Ռամզեն իրականում ընդամենը կառուցվածքի մեջ է դրել գիրքը և հարցազրույցներ է արել, որոնք հարստացրել են այն։ Բայց լեզուն Ջորկաեֆֆին է և շատ ընտիր լեզու է»,- իր հերթին նշեց գրքի խմբագիր Արմեն Ամիրխանյանը։ «Նյումեգ»-ի գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանն ասաց, որ գիրքը գրված է առաջին դեմքից, ի տարբերություն Քրիշտիանու Ռոնալդուի, Լիոնել Մեսսիի, Նեյմարիի մասին պատմող գրքերի, և արդեն իսկ կարիերան ավարտած ֆուտբոլիստի հուշերն են, որտեղ վերջինս ի վիճակի է լինել շատ ավելի ազնիվ։ Միջոցառման վերջում կայացավ «Տոտո» բուքմեյքերային ընկերության կողմից կազմակերպված խաղարկությունը։ Ֆրիբեթի արդյունքում 3-րդ տեղի համար 10 հազար դրամ մրցանակին արժանացավ Արման Առաքելյանը, Արևիկ Բաղդասարյանը՝ 20 հազար դրամի։ Իսկ ահա 1-ին տեղը գրաված Նառա Եփրեմյանն արժանացավ Յուրի Ջորկաեֆֆի՝ Ֆրանսյիայի 1998 թվականի հավաքականի համար կարված 6 համարի մարզաշապիկին, որը հանձնեց անձամբ Ֆրանսիայի դեսպանը