Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Պատրաստ եմ սատարել յուրաքանչյուր խելահեղ ծրագիր. ԵՄ դեսպան (տեսանյութ)

Ամբերդի տարածքն այսօր վեր էր ածվել տոնական հարթակի: Այցելուներին դիմավորում էին «թագավորն» ու «թագուհին», «մունետիկներն» ու «զրահակիր զինվորները», «պալատականներն ու ծաղրածուները»: Եվրոպական ժառանգության օրերի պաշտոնական բացումն այս տարի կազմակերպվել էր «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում: Միջոցառման կազմակերպիչներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից:

Նախարար Արայիկ Հարությունյանն իր խոսքում նշեց, որ նման վայրեր մենք շատ ունենք, սակայն Ամբերդը թե բնությամբ, թե պատմական ու մշակութային նշանակությամբ առանձնակի տեղ ունի:

Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը  խոսեց այն մասին, որ հայերն ունեն հարուստ և բազմազան մշակույթ և, որ իր համար կարևոր է աջակցել տարբեր ոլորտներ:

«Ես եղա Գեղարդում և ականատեսն եմ հնի պահպանման և այն՝ նորի հետ համադրման սկզբունքին: Մենք աջակցում ենք հենց այսպիսի ծրագրերին, նաև աջակցում ենք զբոսաշրջության ռազմավարական զարգացմանը, որի մասին Արագածոտնի մարզի ղեկավարի հետ արդեն զրույց եմ ունեցել,- և իր խոսքն ավարտեց հումորով , - և ընդհանրապես պատրաստ եմ սատարել  յուրաքնչյուր խելահեղ ծրագիր»:

Նախարարը նշեց, որ Եվրամիության հետ իրականացվում են մի շարք ծրագրեր, այդ թվում նաև ստեղծարար արդյունաբերության ոլորտում, մշակույթը ձեռնարկատիրական ոլորտ բերելու և ձեռնարկատիրությունը մշակույթի ոլորտում զարգացնելու համար:

Հարցին, որ մշակութային շատ հուշարձաններ այսօր գտնվում են վատ վիճակում, նաև դեպի այդ հուշարձանները տանող ճանապարհները  շատ դեպքում բարվոք չեն, նա պատասխանեց, որ պետք է բարեկարգվեն և կարծում է առաջիկա տարիների աշխատանքներ այս ուղղությամբ կտարվեն:

«Զբոսաշրջիկներին ու մեր բնակիչներին նման փորձությունների ենթարկել իհարկե չի կարելի: Ժամկետներ ասել չեմ կարող, սակայն անպայման կվերանորոգվեն: Օրինակ՝ այս տարի Մեծամորի ուղղությամբ արդեն ճանապարհաշինարարական աշխատանքներ տարվում են, իսկ Մեծամորը գիտեք, թե ինչ նշանակալի վայր է մեզ համար»:

Ամբերդ էին եկել նաև զբոսաշրջիկների մի խումբ, որոնց հետ էր Թբիլիսիում ապրող մեր հայրենակից Արկադին:

«Ընկերներիս հետ Հայաստան եմ եկել և նրանք ինձ առաջարկեցին գալ: Չեք պատկերացնում, թե ինչ կատարվեց ինձ հետ, երբ այս հրաշքը տեսա: Հպարտության զգացում ունեցա, որ ծագումով հայ եմ»:

Իսկ Սանկտ Պետերբուրգից մեր հայրենակցուհի Մարիան, որոշել է հաստատվել Երևանում: «Մի քանի անգամ եկա Հայաստան, սիրահարվեցի այս երկրին, արմատներս խոսեցին մեջս և ես որոշեցի տեղափոխվել այստեղ: Տուրիստական գործակալություն եմ հիմնել ու այսօր Ամբերդում եմ՝ կրթության նախարարության հրավերով», -ասաց նա: